Գողերը տարել են Սասունիկի բնակչի կովերն ու ցուլերը
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ Հայկազ Սարգսյանը մի գիշերում զրկվել է ունեցվածքից։ Անհայտ անձինք գոմից գողացել են հինգ հղի կովերն ու երկու ցուլերը։
Գյուղացին Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ վնասը կազմում է 5-6 մլն դրամ, բացի այդ, հորթերը շուտով ծնվելու էին, իսկ կովերից ստացած կաթով իրենց ապրուստն էին հոգալու։
«Դեպքը պատահել է փետվարի 5-6-ի գիշերը։ Շատ մեծ վնաս է։ Հայտնել ենք, ոստիկաններին, ասում են՝ ման ենք գալիս, մի հոգու վրա կասկածում են»,-պատմեց գյուղացին։
Սարգսյանների տնից գոմը գտնվում է մոտ մեկ կմ հեռավորության վրա, սակայն գոմից 200-300 մետր հեռավորության վրա բնակեցված տներ կան։ Հայկազը հիշում է՝ Սասունիկում անցած տարի անասանգողության դեպք էլի է եղել, գողերը մինչ այս պահը չեն հայտնաբերվել։
«Դեպքի առավոտը ոստիկանները եկան, ոչ էլ մատնահետք վերցրեցին։ Ես զարմանում եմ՝ ինչի՞ համար։ Մեզ հետ եկել են, դաշտերը ման ենք եկել։ Բայց գոնե շուն բերեին, առավոտ հետքերը թարմ էին։ Ինձ առաջարկեին, մի քանի մլն դրամի վնաս եմ կրել, 30-40 հազար դրամ շան համար կվճարեի, որ մի հատ կողմնորոշվեինք, հասկանայինք՝ ո՞ր ուղղությամբ գնանք»,-ասաց նա։
Գյուղացին երեք բանկից վարկեր էր վերցրել՝ անասունները ծախելու, պարտքը մարելու հույսով։
«Մի 660 հազար դրամ ՎՏԲ բանկից էի վերցրել, 1800 դոլար «Ֆինքա»-ից եմ վերցրել, դրանից դեռ 200 դոլարն եմ փակել, Արդշինբանկում էլ ունեմ 1 մլն 200 հազար դրամ, դա էլ աղպորս անունով էի վերցրել, իբր գոմի կողքը մի բան սարքեինք, որ ընդեղ ապրեինք»,-պատմեց տուժածը։
Հայկազն ասում է՝ դեպքի օրը կեսգիշերին մոտ գոմ է գնացել։ Իր հաշվարկով, կովերից մեկը հենց այդ գիշեր էր ծնելու։ Ճանապարհին ու գոմի մոտակայքում կասկածելի որևէ բան չի նկատել։
«Գնացել, նայել եմ, եկել եմ, ամեն ինչ նորմալ է եղել։ Երևի հետևել են։ Ես չեմ տեսել։ Ասում են, որ մեր Սասունիկից էլ մարդ կլինի հետները»,-նշեց նա։
Գյուղապետ Արման Մարգարյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ դեպքից տեղյակ է։
Ինքն էլ հիշեց՝ անցած տարի էլ գյուղացիներից մեկի գոմից երեք խոշոր եղջերավոր անասուն են գողացել, մեկ կով, մեկ ցուլիկ, մեկ երինջ։ Դեպքը չի բացահայտվել։
«Պատմությունը կրկնվեց։ Էս ընտանիքը կործանվեց, իրենք ամբողջ ընտանիքով զբաղվում էին էդ անասուններով։ Շատ վատ բան է եղել»,-նշում է գյուղապետը։
Նա էլ գնացել է ոստիկանների հետ տեղանքը նայել, մինչև ջրանցքը հետքեր կան, դրանից հետո որևէ հետ չկա։
«Ընդհանրապես բան չի երևում, ոչ մեքենայի, ոչ կեղտոտածի, ոչ ոտնահետք։ Ոստիկաններն էլ գիշեր-ցերեկ ընկած են դրանով, բայց դարձել են մի կաթիլ մեղր»,-ասում է նա։
Մարգարյանը հարևան գյուղերի բնակիչներից էլ է լսել, որ վերջերս անասնագողության դեպքերը շատացել են։
Գյուղապետը ցավով նշում է, մարդիկ վարկ են վերցրել գոմը սարքել, անասուն առել, որ շատացնեն, կարիքները հոգան, բայց զրկվեցին ամեն ինչից։