Զորամասերում կոռուպցիոն հանցագործություններն ավելացել են մոտ 57 տոկոսով
2018թ. ընթացքում Հայաստանի Զինված ուժերում և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 3525 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա 3416-ի դիմաց: Դրանցից 2358-ը, կամ 66.9%-ը եղել են պատահարներ-զանցանքներ, 1140-ը կամ 32.3%-ը հանցագործություններ: Վերջիններիցս 63.8%-ը` զինվորական, 36.2%-ը` այլ ընդհանուր բնույթի հանցագործություններն են: Այս տվյալները ներկայացվել են դատախազությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
Այն վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից:
Նախորդ տարվա համեմատ հանցագործությունները նվազել են 5.5%-ով: Ծանր հանցագործություններն աճել են 9 դեպքով կամ 8.1%-ով, սակայն առանձնապես ծանր հանցագործությունները (2017թ.՝ 80 դեպք) նվազել են 37 դեպքով, կամ 46.2%-ով:
Դատախազության հրապարակած տվյալների համաձայն, 2018թ. արձանագրված 43 առանձնապես ծանր հանցագործություններից 7-ը հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքեր են, 1-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության, 1-ը զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության, 1-ը՝ անհայտ անձի կողմից կատարված սպանության, 23-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի, 2-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձի, 1-ը՝ պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, 7-ը՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու: 2017թ. հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել էր 21-զինծառայող:
Ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1173 զինծառայող՝ նախորդ տարվա 1813-ի դիմաց, այսինքն արձանագրվել է նվազում 640-ով, կամ 35.3%-ով: Ընդ որում՝ գրեթե կրկնակի նվազել է ծանր մարմնական նասվածքներ ստացած զինծառայողների թիվը (54-102):
Զինվորական դատախազ Վահե Հարությունյանը նման արդյունքները պայմանավորել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ: Սպանության, սպանության փորձի, ինքնասպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ստորադասի նկատմամբ բռնի գործողության կամ դրա սպառնալիքի ցանկացած դեպքով քննության առարկա է դարձվում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրանք կանխելու հնարավորության և առհասարակ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հանգամանքը:
Ըստ հանցատեսակների՝ նվազել են զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ 10.4%-ով, ռազմական գույքն օգտագործելու և պահպանելու, զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հետ կապված հանցագործությունները՝ 33.3%-ով, ռազմական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 39.1%-ով, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 33.3%-ով:
Փոխարենը աճել են հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 22.2%-ով, զինվորական պաշտոնեական հանցագործությունները՝ 29.3%-ով, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները՝ 32.1%-ով: Նախորդ տարիների համեմատ էապես նվազել են զորամասն ինքնակամ թողնելու դեպքերը: Հանցագործությունների բացահայտումը կազմել է 97.1 %, գրեթե նույնքան, որքան 2017թ.:
Նույն աղբյուրի համաձայն, 2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 182 դեպք, ինչը 66-ով կամ 56.9%-ով ավելի քան 2017թ.-ից:
Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր, իսկ դրանցից 173-ով հարուցվել են քրեական գործեր՝ հիմնականում խարդախության, հափշտակության, կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու և այլ հատկանիշնրով:
Կոռուպցիոն բնույթի 43 քրեական գործեր 86 անձանց վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին