Արցախի նախագահ. Օրինակելի է Արթուր Մկրտչյանի հայրենասիրությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել նրա հուշաքարին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Բակո Սահակյանն օրինակելի է համարել Արթուր Մկրտչյանի հայրենասիրությունը, նվիրվածությունը և պարկեշտությունը՝ հավելելով, որ նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում:
Արթուր Մկրտչյանն Արրցախի քաղաքական և պետական գործիչ է, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահը, ազգագրագետ։ Ծնվել է 1959 թ. փետրվարի 16-ին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։
Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ 1988 թվականի փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից, Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց։ Նա անդամագրվեց ՀՅԴ-ին և 1992 թվականի հունվարին ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։
ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր։
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը