Պատեհ պահի կքննարկենք նաև ՀԱԿ-ի առաջարկը. Լենա Նազարյան (լրացված)
«Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված քննարկումներ դեռ չենք ունեցել»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն՝ անդրադառնալով ՀԱԿ առաջարկին, այն է՝ փոխել սուպերվարչապետական համակարգը կիսանախագահականով:
Լենա Նազարյանը նշեց, որ պատեհ պահի կքննարկեն նաև այդ առաջարկը:
Հարցին, թե ինքն ինչ կարծիք ունի այդ առաջարկի վերաբերյալ, ԱԺ փոխնախագահն ասաց, որ խոսքը քաղաքական շատ կարևոր որոշման մասին է, դրա համար պետք է թիմային քննարկում ունենալ. «Չէի ցանկանա անձնական մեկնաբանություններ անել»:
Այն դիտարկմանը, թե սպասելի՞ էր ՀԱԿ-ի կողմից, որը հեղափոխության օրերից աջակցել է Նիկոլ Փաշինյանին, նման հայտարարություն հնչեր, Լենա Նազարյանը նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ ցանկացած պահի կարող է առաջարկություն ներկայացնել. «Չեմ կարծում, որ դա ինչ-որ ժամանակով է պայմանավորված, պարզապես նրանք իրենց քաղաքական օրակարգն ունեն և ներկայացնում են այն: Որևէ ենթատեքստ չեմ տեսնում»:
ԱԺ փոխխոսնակը նաև նշեց, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն անխուսափելի են: Ըստ նրա՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսվել է այդ մասին, անկախ նրանից, որ դա կառավարության ծրագրում գրված չէ:
«Նույնիսկ շատ լավ է, որ կառավարության ծրագրում գրված չէ, որովհետև այդ օրենսգրքի քննարկումն ամբողջովին անցնում է ԱԺ օրակարգ, և մենք այստեղ հնարավորություն ունենք արդեն, ընդգրկելով մեր ընդդիմադիր գործընկերներին, հանդարտ քննարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումը: Դա անպայման լինելու է, առանց դրա ես չեմ պատկերացնում հետագայում քաղաքական դաշտի առողջացում»,- ասաց Լենա Նազարյանը:
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև Կառավարության ծրագրին ընդդիմադիր խմբակցությունների քվեարկությանը՝ նշելով, որ դեմ քվեարկեցին, ոչ թե այն պատճառով, որ ծրագիրը վատն էր, այլ այն պատճառով, որ նրանք գործեցին ազատ: «Գուցե առաջին անգամ քաղաքական դաշտում ընդդիմադիրները կարողացան ազատ գործել և դեմ քվեարկել կառավարության ծրագրին», - հավելեց Լենա Նազարյանը:
Դիտարկմանը՝ ինչո՞ւ իշխանությունը կառավարության ծրագրում չներառեց ԲՀԿ-ի առաջարկները, քանի որ ԲՀԿ-ն ասում էր՝ կողմ կքվեարկի ծրագրին, եթե իրենց առաջարկները տեղ գտնեն այնտեղ կամ գոնե լինի բանավոր պայմանավորվածություն այդ մասին, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ իրենք բաց պայմանավորվածությունների կողմնակից են և բոլոր պայմանավորվածությունները տեղի են ունենում ԱԺ նիստերի դահլիճում:
«Եթե ԲՀԿ-ն ունի առաջարկներ, ապա հնարավորություն ունի նաև առաջիկայում գործողությունների ծրագրերի քննարկման ժամանակ դրանք ներկայացնելու, ու եթե լավ առաջարկներ են, վստահ եմ, որ այդ փուլում կառավարությունը կներառի դրանք»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ-«Լուսավոր Հայաստան» խմբակցություն բանավեճին՝ մասնավորապես ԼՎԿ-ի անդամների այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանն անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում, Լենա Նազարյանը նշեց, թե բոլորը տեսան՝ վարչապետը, շատ համբերատար, մանրամասն պատասխանում էր հարցերին և բոլոր ելույթներին ներկա էր:
«Եթե փորձեմ վերհիշել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հնչեցված քննադատությունը, մտքիս գալիս է միայն «մուննաթ» բառը, որը բովանդակային առումով ոչ մի արժեք չի ստեղծում: Ես կուզեի, որ շատ ավելի բովանդակային խոսակցություն լիներ նրանց
կողմից: Իսկապես մի փոքր սնանկ էր նրանց կողմից հնչեցրած քննադատությունը»,- նշեց նա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ նշեց, որ բարձր է գնահատում ցանկացած տեսակի քննադատություն և բովանդակային քննարկում: Նա նաև ասաց, որ իրենք ելույթներում և պատասխաններում վիրավորանք չի տեսել, եղել է քաղաքական բանավեճ:
Լենա Նազարյանն էլ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն վատ պահեց, նշեց, որ Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին լինի Նիկոլ Փաշինյանը. ««Ամեն քաղաքական գործիչ ինքն է որոշում ինչպիսին լինել: Լավ կլինի, որ պարոն Մարուքյանը մտածի՝ ինքը ինչպիսին լինի»: