Հղի կամ կերակրող մայրերի՝ աշխատավայրում առողջության բարելավումը ևս պետք է ընդգրկվի ճանապարհային քարտեզում
Ներկայում Եվրոպական կողմի հետ քննարկման փուլում է ճանապարհային քարտեզի այն հատվածը, որը բխում է Համաձայնագրի՝ 2018 թվականի հունիս 1-ից ուժի մեջ մտած դրույթներից: Այս մասին հայտնել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Սեդրակ Բարսեղյանը նիստի ժամանակ։
Նա նաև հավելել է, որ հանձնաժողովն իր աշխատանքների ընթացքում քննարկել և հավանության է արժանացրել նաև Համաձայնագրի դեռևս ուժի մեջ չմտած դրույթներից բխող մի շարք ոլորտների միջոցառումների ճանապարհային քարտեզը, և այս նիստի ընթացքում քննարկվելիք միջոցառումների ճանապարհային քարտեզի հաստատումը թույլ կտա հայկական կողմին ամփոփել նաև ՀԳԸՀ ճանապարհային քարտեզի այդ հատվածը:
Կառավարությունից մանրամասնում են՝ նիստի օրակարգում էին ճանապարհային քարտեզում ներառվելիք այն միջոցառումները, որոնք վերաբերում էին աշխատանքային իրավունքին, աշխատանքային պայմանագրերի և աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորմանը, աշխատավայրում առողջության և անվտանգության պաhպանմանը:
Օրակարգում ներառված ճանապարհային քարտեզի միջոցառումներից են աշխատանքային հարաբերությունների նկատմամբ կիրառվող պայմանների մասին աշխատակցին տեղեկացնելու գործատուի պարտավորության, ժամանակավոր աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների, ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների համար միասնական իրավական դաշտի սահմանման և խտրական վերաբերմունքի բացառման վերաբերյալ հարցերը:
Կարգավորման ենթակա հարցերից են նաև աշխատաժամանակի կազմակերպումը, հղի կամ կերակրող մայրերի՝ աշխատավայրում անվտանգության և առողջության բարելավումը:
Աշխատավայրում անվտանգության ապահովման տեսանկյունից ճանապարհային քարտեզում ներառվել են աշխատանքային սարքավորումների օգտագործման՝ անվտանգության նվազագույն պահանջների սահմանման, աշխատավայրում քաղցկեղածին, քիմիական նյութերի, ֆիզիկական և կենսաբանական գործոնների ազդեցությանը ենթարկվելու վտանգերից աշխատողներին պաշտպանելու, ինչպես նաև շինարարական հարթակներում աշխատողների անվտանգությունն ապահովելու նվազագույն պահանջների սահման մասին ԵՄ հրահանգներից բխող միջոցառումները:
Հրահանգներով սահմանված հիմնական հարաբերությունների կարգավորումը ներառում է տարբեր մեխանիզմների միջոցով գործատուների և աշխատողների պարտավորությունների ու իրավունքների շրջանակի սահմանումը, մասնավորապես աշխատողների տեղեկացվածության, վերապատրաստումների, առողջության և անվտանգության տեսանկյունից ռիսկերի բացահայտման, նվազեցման ու կանխարգելման և մի շարք հարցերի վերաբերյալ:
Նիստը նախագահող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ամփոփելով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, կարևորել է առաջիկայում մշակվող միջնաժամկետ ծրագրերի համապատասխանությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի միջոցառումներին՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը