Երեքամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ մանկապարտեզի երեքամյա սանի մահվան պատճառները պարզելու համար։ Ստացվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) լաբորատոր փորձաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ խախտումներ չեն հայտնաբերվել:
ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են մանկապարտեզի մի խումբ աշխատակիցներ, տուժողի իրավահաջորդը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում մանկապարտեզի ննջասենյակից՝ մահճակալի վրայից, հայտնաբերվել և վերցվել է երեխայի անկողնու սավանը, որի վրա առկա է եղել փսխման զանգվածը:
Փորձաքննություն կատարելու նպատակով ԱՑԽՄ-ի (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) վերաբերյալ լվացուկներ են վերցվել դաստիրակի, դաստիրակի օգնականի, խոհարարի հագուստներից և ձեռքերից: Վարույթն իրականացնող մարմինն ստացել է ԱՑԽՄ-ի հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց՝ խախտումներ չեն հայտնաբերվել:
Բացի այդ, փորձանմուշներ են վերցվել նաև խմելու ջրից, երեխայի մահճակալից ու ճաշասենյակից, խոհանոցից փորձանմուշներ են վերցվել դեպքի օրը՝ 2019թ. մարտի 4-ին, մանկապարտեզի երեխաներին մատուցած ճաշացանկից, որը նույն օրը հանձնվել է ՀՀ ԿԵ ՍԱՏՄ Երևանի կենտրոնին: Առգրավվել են նաև երեխայի զգեստապահարանում առկա, վերջինիս պատկանող հագուստները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատատոքսիկաքիմիական և դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ երեխայի մահվան հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Փորձաքննությունների եզրակացություններն ստանալուց հետո, ապացույցների համակցությամբ, կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ երեխայի մահվան վերաբերյալ ահազանգն ստացվել էր մարտի 4-ին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին