«Սասնա Ծռեր»-ն առաջարկում են՝ Արցախը մարզի կարգավիճակով ներառել Հայաստանի կազմում
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ իրենք սկսում են Արցախը մարզի կարգավիճակով Հայաստանի կազմում ներառելու գործընթաց։
Նրա խոսքով, թե ինչ տարբերակով պետք է դա արվի, դեռ պարզ չէ։
«Առայժմ որևէ տարբերակի նախապատվություն չենք տալիս, պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկությունները։ Միաժամանակ արձանագրում ենք, որևէ տարբերակի ընտրության հարցում վերջնական խոսքը պետք է պատկանի Արցախում նոր ձևավորվելիք այն քաղաքական ղեկավարությանը, որի օրակարգում առանցքային կլինի Արցախը դե յուրե Հայաստանի կազմում ներառելու հարցը»,-ասաց նա։
Կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ պետք է սկիզբ դրվի Արցախում հաշվառված քաղաքացիներին՝ Հայաստանի համապետական ընտրություններին մասնակցության ապահովման գործընթացը։
«Այս նպատակով մենք սկսելու ենք ստորագրահավաք»,-ասաց Վ. Ավետիսյանը։
Թեմայի առնչությամբ քիչ առաջ հայտարարություն տարածեց նաև Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության Քարտուղարությունը, որտեղ մասնավորապես ասված է.
««Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը, որպես Շարժման արցախյան բաղադրիչ, օրեր առաջ պաշտոնական գրանցում ստանալուց հետո, այդ առաջնահերթ խնդիրը լուծելու նպատակով նախաձեռնում է Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ստորագրահավաք-դիմում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ԿԸՀ-ին։
Դիմումում նշվում է, որ Արցախում հաշվառված և դիմումն ստորագրող ՀՀ քաղաքացիները, իրենց ընտրական իրավունքի իրացումն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունից և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով և «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և ՀՀ հանրաքվեներին իրենց մասնակցությունն ապահովելու համար, այդ թվում՝
ա) իրենց սահմանված կարգով ընդգրկել ՀՀ ընտրողների ռեգիստրում,
բ) սահմանված կարգով Արցախում ձևավորել ընտրական տարածքներ և ընտրական տեղամասեր, ինչպես նաև կազմավորել համապատասխան ընտրական հանձնաժողովներ»։