Կենդանաբանական այգու հայտնի Գուգոյի թոռն է ծնվել, ի՞նչ անուն տալ նրան
Պավիան համադրիլների ընտանիքում ծնվել է երկար սպասված արու զավակը:
Երևանի կենդանաբանական այգուց մանրամասնում են, որ նորածնի հայրը՝ Կրիկունը, Կենդանաբանական այգում վաղուց հայտնի Գուգոյի որդին է, իսկ մայրը Վրաստանից ժամանած Տոտոն:
«Մեր էջի սիրելի հետևողներին առաջարկում ենք անուն ընտրել տղային անվանակոչելու համար»,-նշում են այգուց։
Հիշեցնենք, որ այս կենդանու հղիությունը տևում է մինչև 172 օր: Ունենում է 1 ձագ, որը կշռում է 600-900 գ: Մազածածկույթը սև է: Մայրը մինչև 6 ամիս կերակրում է կաթով: 2 տարեկանից հետո դառնում են ինքնուրույն: Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 4-րդ տարում, իսկ արուները՝ 4-6:
Նշենք, որ Պավիան համադրիլները բավականին մեծ չափեր ունեն: Մարմնի երկարությունը հասնում է մինչև մեկ մետրի, պոչը 20-25 սմ է: Արուն համեմատաբար ավելի մեծ է: Մազածածկը մոխրագույն է, արուների գլխի, կրծքի և ուսերի մազերը դասավորված են այնպես, որը բաշի տպավորություն է թողնում: Դեմքի մաշկը խամրած մարմնագույն է, իսկ հետույքի մասը՝ կարմիր: Էգերի մազածածկույթն ավելի մուգ է և կարճ:
Տարածված է Աֆրիկայում և Ասիայում: Ապրում է խմբերով՝ 100-150 գլխաքանակ: Ապրում է ջրային տարածքներում, ինչպես նաև մինչև 2600 մ բարձրություններում:
Հիմնականում ապրում է ցամաքում, սովորաբար մագլցում է ժայռերի և ծառերի վրա: Այս տեսակի կապիկներն ամբողջ կյանքում ապրում են նույն խմբերում: Խմբերում գերիշխում են արուները, որոնք ապրում են հարեմով՝ մինչև 10 էգից բաղկացած:
Ամենակեր է: Սնվում է սերմերով, բույսերի արմատներով, մանր կաթնասուններով, որդերով, սողուններով, փափկամարմիններով և այլն: