Կնոջ բերանը փակել են, ամուսնուն՝ դանակահարել
Մարտի 15-ի գիշերն Արարատի մարզի Լուսառատ գյուղում ավազակային հարձակում էր կատարվել։ Երկու տղամարդ դարպասի բաց դռնով մտել էին միայնակ ապրող ամուսինների տուն։
Ոստիկանությունից մանրամասնում են, որ նրանք դարանակալել են ավտոտնակում, ձայներ լսելով, տանտիկինը մտել է ավտոտնակ ու լույսը վառել։
Դարանակալած տղամարդիկ հարձակվել են կնոջ վրա ու փորձել փակել բերանը, որ չբղավի։ Կնոջը մի կերպ հաջողվել է ձայն տալ ամուսնուն։ Օգնության հասած ամուսնուն տուն մտած անձանցից մեկը դանակով հարվածել է, ինչից հետո փախել են։ Ամուսինները պատահածի մասին իմաց են տվել հարևաններին, բարեկամներին, ահազանգել են ոստիկանություն ու շտապ օգնության ծառայություն։
Որովայնի շրջանում վնասվածքներ ստացած տղամարդը տեղափոխվել է Արտաշատի ԲԿ։
Ոստիկանությունից հայտնում են, որ հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։
Պարզվել է, որ հանցագործները Լուսառատից հեռացել են «Մերսեդես» մակնիշի մեքենայով, որը կայանել էին թիրախ ընտրած գյուղից քիչ հեռու։ Իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
Հանցագործներից մեկը 35-ամյա Ա. Աբրահամյանը Լուսառատի բնակիչ է, համագյուղացիների տուն ելումուտ է ունեցել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել, դատարանի որոշմամբ կալանավորվել են ու տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։