Զեյնալյան. Վերացրել ենք պարտադիր մոլախաղերը ՔԿՀ-ներում
Այսօր Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով 2018թ-ի ոլորտում կատարված աշխատանքները՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում պարտադիր անցկացվող մոլախաղերին։
«Մենք վերացրել ենք պարտադիր, կենտրոնացված կառավարվող մոլախաղերը ՔԿՀ-ներում: ՔԿՀ-ներում, մեր ունեցած տեղեկություններով, կանխիկ գումար չի պտտվում, նաև չկա չխաղալու տուրք, հանվել է: Ժամանակին կար, պետք է խաղաս, դրանից որոշակի տուրք վճարես համապատասխան հիերարխիայի անձին, կամ եթե չես ուզում խաղալ, պետք է վճարես մինիմալ տուրք»,- ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը արձագանքեց, այդ տուգանքի չափը 20 հազար դրամ է եղել:
Զեյնալյանը նաև նշեց, որ կալանավորների՝ հերթով քնելու բացասական երևույթը ևս վերացված է. «Այն մինչև համաներումն էր վերացված։ Հիմա ունենք հիմնարկներ, որտեղ պլոմբած խցեր կան, որովհետև լրակազմը չի լցվում»։
Բագրատյանը հարց բարձրացրեց նաև ՔԿՀ-ներում գրադարանների խնդիրների մասին. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ աղքատիկ վիճակում են գտնվում գրադարանները։ Նաև մի նախագծի առաջարկ ունեմ, որի վերաբերյալ խնդրում եմ Ձեր կարծիքն ասել։ Կարդալը խրակուսելու համար առաջարկում ենք, այն դատապարտյալը, որը որոշակի չափով գիրք կկարդա, այդ չափով նվազեցվի պատժաչափը: Պայմանական ասաց՝ մեկ գիրք կարդալու դեպքում երեք օր նվազեցվի պատժաչափը: Հանձնաժողովը կստուգի կարդացած գրականության ցանկը և կփոխանցի փորձագետներին»։
Նախարարը պատասխանեց, որ դա բացառապես դատական գործառույթ է. «Պատկերացնում եք՝ ամեն տարի դատական նիստ արվի, որոշելու, նա կարդացել է այդ գիրքը, չի կարդացել, որ նավզեցեն պատժաչափը։ Մենք արել ենք ուրիշ բան, մենք գնում ենք ուրիշ ուղղությամբ՝ գիրք կարդալը հանդիսանալու են գնահատականի օբյեկտ՝ պայմանական վաղաժամեկտ ազատման, ռեժիմները փոխելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿՀ-ներում անգամ ճանճի թռնելու ուղղության վրա են խաղադրույք անում. Զեյնալյան
- Ալեն Սիմոնյան. ՔԿՀ-ներում հասարակ դատապարտյալներին մարդկային պայմաններով ապահովելու խնդիր կա
- ՔԿՀ-ներում պահվող անձանց թվաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է