Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո քրեական գործ է հարուցվել
Օրեր առաջ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հայաստանցի աենաթանկ աշակերտի մասին։
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի դպրոցի գործով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով։
Այն սահմանում է. «Յուրացումը կամ վատնելը որը կատարվել է`
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) խոշոր չափերով,
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն, այս պահին կասկածյալ կամ մեղադրյալ չկա։
Պարզվում է, որ աշակերտը, ում ի նկատի ուներ նախարարը, դպրոցի տնօրենի եղբոր որդին է Արարատի մարզից, ով առաջին դասարանից բնակվում է հորաքրոջ տանը։ Նա ութերորդ դասարանում է։ Գյուղի դպրոցն էլ միջնակարգ է։
Գեղադիրի գյուղապետ Կարինե Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ տնօրենի հետ ճշտել է, դպրոցը մեկ աշակերտ ունեցել է միայն 2017-ին։ Այս պահին երկու աշակերտ կա։
«Չէ՞ որ և նախարարությունը, և մարզպետարանը տեղյակ են եղել, որ դպրոցում մի աշակերտ կա, ինչո՞ւ են խառնվել իրար»,-ասաց գյուղապետը։