Արմավիր-Երևան ուղևորափոխադրումներ. «Խնդիրների մի փոքր մասն է մնացել, որը նույնպես կլուծվի»
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արմավիր-Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղայինի վարորդների դժգոհությանը:
Վերջիններս հայտնել են, որ չեն կարողանում աշխատել անհատ վարորդների պատճառով, մինչդեռ ներդրումներ են իրականացրել և այժմ հայտնվել են սնանկացման եզրին: Այսպիսով, նրանք նախարարությանը մեղադրում են անգործության մեջ:
Հակոբ Արշակյանն ասաց, որ բավականին լուրջ միջոցառումներ ձեռնարկվել են, տուգանքներ են կիրառվել, այնուամենայնիվ, խնդիրը դեռ առկա է:
«Իհարկե բավականին լուրջ աշխատանք է տարվում: Մեծ մասը չեզոքացվել է խնդիրների, մի փոքր մասն է մնացել, որը նույնպես կլուծվի: Ե՛վ ՊԵԿ-ը, և՛ ոստիկանությունը, և՛ տեսչական մարմինը ակտիվորեն մեզ հետ համագործակցում են և աշխատում են, որպեսզի խնդիրը շուտափույթ լուծում ստանա»,- ընդգծեց նախարարը:
Հարցին, թե արդյոք այլ երթուղիներ սպասարկող ընկերություններում էլ նման խնդիր կա, նախարարն ասաց՝ այսօր մի խնդրի առաջ են կանգնած, որ 8 տեղանոց մեքենաները կայանում են ինչ-որ տեղ և ուղևորափոխադրումներ են իրականացնում: Այսպիսով, ըստ նրա, դրանք խոչընդոտում են լիցենզավորված ընկերությունների աշխատանքը:
«Դա օրենսդրական բաց է, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ բացը լրացվի և վնաս չհասցնենք մեր կանոնավոր ուղևորափոխադրողներին»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը