Հեղափոխության ժամանակ ծանր վնասվածքներ ստացած քաղաքացին դիմել է կառավարությանը և արձագանք չի ստացել. Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը այսօր խորհրդրանում խոսեց քաղաքացի Զավեն Գրիգորյանի մասին, ով մեկ տարի առաջ` ապրիլի 16-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ, ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների կիրառման ժամանակ ստացել է խիստ ծանր մարմնական վնասվածքներ, որի արդյունքում կորցրել է ամեն ինչ` աշխատանքային շինարարական պայմանագրերը, հայտարարվել է սնանկ:
«Նա մեկ տարի է փորձում է վերականգնել իր առողջությունը: Դիմել է իշխանության բոլոր կառույցներին և, ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել: Այժմ նա սուր լեյկոզով գտնվում է Արյունաբանության ինստիտուտում, միաժամանակ ունի նաև մի քանի լուրջ հիվանդություններ։ Հարազատներն ասացին, որ առողջապահության նախարարությունն արդեն պատասխանել է, որ իրենք անհրաժեշտ բավականաչափ թանկ դեղորայքը տրամադրել չեն կարող։ Զավենը սնանկ է, որովհետև այն կազմակերպությունները, որոնց հետ նա կնքել էր պայմանագրեր, ուղղակի հրաժարվել են այդ պայմանագրերից, որովհետև նա մեկ տարի է` տեղափոխվում է հիվանդանոցից հիվանդանոց: Հիմա ի՞նչ, հարգելի գործընկերներ, հարգելի կառավարություն: Ես հիշում եմ՝ հայտարարություն եղավ հեղափոխության օրերին, որ այն հպարտ քաղաքացիների մեքենաները, որոնք տուժել են հեղափոխական պայքարի արդյունքում կփոխհատուցվեն: Այս պահին ինձ չի հետաքրքրում, թե ինչ եղան հպարտ մեքենաները, այս պահին ինձ հետաքրքրում է ՀՀ քաղաքացին, ով Բաղրամյան պողոտայում հանուն հեղափոխության ստացել է ծանր մարմնական վնասվածք: Ո՞վ է պատասխանատու ՀՀ քաղաքացու համար: Ի դեպ, հիշեցնեմ, որ կառավարությունը բերել է նախագիծ՝ ապրիլի 23-ը Քաղաքացու օր հայտարարելու, Զավեն Գրիգորյանը այդ քաղաքացիներից մեկն է»,- հայտարարեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Քաղաքացու օրվա հետ կապված քննադատություն կա, հա՞
- Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր