ԵԽԽՎ նախագահ․ Հայաստանում խաղաղ քաղաքական անցումը խոսում է բոլոր քաղաքական ուժերի հասունության մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեն, ով այցով գտնվում է Հայաստանում, այսօր ելույթ ունեցավ Ազգային ժողովում։
ԵԽԽՎ նախագահն իր ելույթում առանձնացրեց 3 կարևոր ուղղություն՝ Հայաստան-ԵԽԽՎ համագործակցություն, Եվրոպայի խորհրդի առջև ծառացած խնդիրներ և կանանց ու տղամարդկանց հավասարությունը։
«18 տարի առաջ Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կարևոր մի փուլ էր երկրում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար, ինչպես նաև մեծ օժանդակություն բազում կարևոր բարեփոխումների ուղղությամբ՝ սահմանադրական, արդարադատության ոլորտին, մարդու իրավունքների, ինչպես նաև ոլորտին, որը ձեռք բերվեց Օմբուդսմենի ինստիտուտով, կոռուպցիայի դեմ պայքարով և այլն։ Այս բարեփոխումներն արգասիք էին մի կողմից հայ մասնագետների, մյուս կողմից ԵԽ կառույցների համագործակցության՝ Վենետիկի հանձնաժողով, ԵԽԽՎ։
Ես ուզում եմ հատկապես շնորհավորել նաև Ձեզ այն առաջընթացի համար, որ եղել է այս տարիներին, որը արդյունք է մշտական ու տևական ջանքերի։ Ինձ համար հատկապես, որպես խորհրդարանականի, կարևոր է Ձեր ժողովրդավարական հաստատությունների բնականոն գործունեությունը, քանի որ եթե քաղաքական համակարգը կարող է փոխվել ժողովրդի ընտրության արդյունքում, ապա կառույցներն այն ամուր հիմքն են, որը թույլ է տալիս քաղաքական մեխանիզմներին գործելու։ Ձեր երկրի ինստիտունտները հատկապես մեծ փոփոխության են ենթարկվել՝ Սահմանադրության փոփոխությամբ՝ կիսանախագահականից խորհրդարանական համակարգին անցնելու համար»,-ասաց Պասկիեն։
ԵԽԽՎ նախագահը նաև ողջունեց հայ ժողովրդին ու նրա քաղաքական ուժերին, որը կարողացավ նոր սահմանադրական մեխանիզմներն օգտագործել քաղաքական անցման համար, որը տեղի է ունեցել խաղաղ ու սահմանադրության շրջանակներում։
«Սա վկայում է նաև բոլոր քաղաքական ուժերի, կուսակցությունների հասունության մասին։ Այժմ անհրաժեշտ է ամրապնդել այս ամենը ու զարգացնել ժողովրդավարական ձեռքբերումները, որի համար անհրաժեշտ է առաջին հերթին քաղաքական երկխոսություն խորհրդարանում բոլոր քաղաքական ուժերի միջև, որպեսզի կարողանա խորհրդարանը վերահսկողություն սահմանի գործադիր իշխանության նկատմամբ»,-նշեց նա:
Պասկիեն կարևորեց նաև կառուցողական երկխոսության հաստատումը ոչ միայն խորհրդարանի, այլ նաև արտախորհրդարանական ուժերի ու նաև քաղաքացիական հասարակության հետ։ ԵԽԽՎ նախագահը նշեց, որ այս անցումային շրջանում բոլոր քաղաքական ուժերը մեծ պատասխանատվություն են կրում. «Մեծամասնությունը՝ կառավարման գործում, ընդդիմությունը, կառուցողական ձևով, քաղաքական երկխոսության, եթե անգամ չի կիսում իշխանության կարծիքը»։
Պասկիեն խոսեց, նաև Եվրոպայի խորհրդի առաջ ծառացած մարտահրավերների մասին, նշեց, որ Եվրոպան ապրում է ծանր շրջան, հարձակումներ են տեղի ունենում ԶԼՄ-ների, մամուլի, խոսքի ազատության դեմ, աճել է ազգայնականությունն ու պոպուլիզմը, սպառնալիք իրավական պետության նկատմամբ, տեղի է ունենում Ստրասբուրգի դատարանի իրավասության վիճարկում, որը վատ վիճակի մեջ է դնում մեր արժեհամակարգը՝ հիմնված մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վրա։
Նշվեց, որ Եվրոպայի ժողովուրդը ավերիչ պատերազմից հետո, որը միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց, Եվրոպայի ժողովուրդները կարողացավ առաջ ընթանալ խաղաղության ու հաշտության ճանապարհով։ Այս խաղաղության հանձնառությունն է ու ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը, որը մղեց Եվրոպայի խորհրդի ստեղծմանը, որի նպատակն է իրականացնել ավելի սերտ միություն անդամ երկրների միջև։
«Մենք այս տարի նշում ենք այս կառույցի 70-ամյակը և մեր պարտավորությունն է պահպանել այս տունը, որը մենք անվանում ենք Եվրոպայի տուն, օրենքի գերակայության, ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների տուն։ Դժբախտաբար մեր սերտ միությունը վտանգված է նախկին, ներկա հակամարտությունների, քաղաքական խնդիրների պատճառով»,-ասաց Պասկիեն։
ԵԽԽՎ նախագահն իր ելույթն ավարտեց, ինչպես ինքն ասաց, իր համար կարևոր թեմայով՝ այն է տղամարդկանց ու կանանց միջև հավասարության թեմայով։ Պասկիեն նշեց, որ տղամարդկանց ու կանանց միջև իրական հավասարության ճանապարհին մենք հանդիպում ենք խոչընդոտների, որոնցից է նաև կարծրատիպերը, որոնք հաճախ դժվար է հաղթահարել, և կանանց նկատմամաբ բռնությունները նաև այդ կարծրատիպերն են։
Պասկիեն հավելեց, վերջերս ԵԽ-ի կողմից իրականացված հետազոտության մասին, «Խորհրդարաններում սեքսիզմի վերաբերյալ», որի ժամանակ հարցումներ էր անցկացվել 123 կին պատգամավորի ու աշխատակազմի 43 անդամների շրջանում, որի արդյունքում 83 տոկոսն ասել էր, որ իրենք հոգեբանական ճնշման են ենթարկվել, մյուս տվյալները ևս տխուր են։
«Այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է 2 ուղի՝ առաջինը օրենսդրական։ Խոսքը վերաբերում է հստակ իրավական շրջանակների ստեղծմանը, որ պատժում է բոլոր չարաշահումներն ու խրախուսում է դրականը։ ԵԽ-ն այս ոլորտում առաջամարտիկներից է։ Ստամբուլի կոնվենցիան կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման կարևոր գործիք է, որը Հայաստանը ստորագրել է ու ակնկալում եմ որ այն շատ շուտով կվավերացվի»,-ասաց Պասկիեն, հավելելով, որ օրենսդրական փոփոխությունները միայն բավական չեն, անհրաժեշտ է նաև խնդրի գիտակցմանը նպաստող գործողությունները։
«Անհրաժեշտ է փոխել մարդկանց մտածելակերպը տարբեր միջոցառումներով, մենք սկսել ենք «Ոչ իմ խորհրդարանում» (Not in my parliament) նախաձեռնությունը, որով մենք պայքարում ենք կանանց դեմ բռնությունների դեմ։ Միավորվենք ու ոչ ասենք ցանկացած սպառնալիքի, սեքսիստական վերաբերմունքի ու փշրենք բռնության պատերն ու խթանենք իրավահավասարությունը նաև կրթության միջոցով»,-ասաց Լիլիան Մորի Պասկիեն, ընդգծելով, որ այս նախաձեռնությունը սկսվել է 2018-ին Հելսինկիում և հույս հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանը ևս կմիանա այս նախաձեռնությանը, որը կունենա նաև ավելի լայն ընդգրկում՝ ներառելով՝ «ոչ իմ քաղաքում», «ոչ իմ համալսարանում», «ոչ իմ գրասենյակում»։
Խոսքի վերջում Պասկիեն նշեց, որ Հայաստանը ԵԽ-ի կարևոր դերակատարներից է և որ համագործակցությունը գերազանց է, ինչի մասին է վկայում է նաև իր այցը և նաև ապրիլին ԵԽԽՎ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախատեսված ելույթը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը