Պատասխան՝ «Սասնա ծռերին». Բայց ինչո՞վ ենք մեղավոր մենք՝ իշխանաձորցիներս
««Սասնա ծռեր» խմբավորումը, ինքնահաստատման հերթական անհաջող փորձի ճանապարհին, սեփական հեղինակության բացակայության համար շարունակում է փնտրել մեղավորներ՝ տարածելով ապատեղեկատվություն»,-նման հայտարարություն են տարածել Արցախի Իշխանաձոր համայնքի բնակիչները։
Հայտարարության ներքո ստորագրել է 100 մարդ։
Բնակիչներին խիստ զայրացրել է ծռերի երեկ տարածած այն հայտարարությունը, թե իբր խոչընդոտվել է իրենց հանդիպումը համայնքի բնակչության հետ:
«Նախորդ օրը՝ ս.թ. մարտի 23-ին, Մարտունի քաղաքում կատարվածից գրեթե չտարբերվող ձեռագրով Քաշաթաղի շրջանի վարչակազմը և նրա հովանավորությամբ գործող անձինք համատարած տնային այցելությունների և անհատական հանդիպումների միջոցով ամեն ինչ արել էին Իշխանաձոր համայնքում բնակվող քաղաքացիների և «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ներկայացուցիչների՝ ս.թ. մարտի 24-ի հանդիպումը ձախողելու համար»,-հայտարարել էին կուսակցությունից։
Տարածած հայտարարության մեջ բնակիչները նշում են. «Խմբավորումն ինչպես համացանցով, այնպես էլ անհատական այցելությունների միջոցով, Իշխանաձորի և հարակից համայնքների բնակիչներին իրազեկել էր հանդիպման մասին: Սպասելիքները հավանաբար չեն արդարացել, քանի որ հանդիպմանը մասնակցել է մեկ տասնյակ մարդ: Բայց ինչով ենք մեղավոր մենք՝ իշխանաձորցիներս, կամ այն մարդիկ, որոնց անունները շահարկվում է «Սասնա ծռեր»-ի կողմից տարածված հայտարարության մեջ: Անգամ ծիծաղելի է հնչում «հերթապահություն սահմանելու» և «բնակչության շարժը կասեցնելու» վերաբերյալ հիշատակումը:
Մենք՝ Իշխանաձորի բնակիչներս, դատապարտում ենք վարկանիշ ձեռք բերելու՝ կեղծիքների վրա հիմնված նման էժանագին փորձերը և հորդորում հետայսու չվիրավորել մեր ինքնասիրությունը, քանի որ մենք ազատ ենք մեր դիրքորոշումներում, և որևէ մեկը չի կարող բռնանալ մեր կամքի ազատ արտահայտմանը»,- ասված է իշխանաձորցիների հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը