ԵՄ պաշտոնյա. ՀՀ հետ համաձայնագրի բանակցությունների ընթացքում, երբեք չենք խորհրդակցել ադրբեջանցի գործընկերների հետ
«Եվրոպական միությունն աշխատում է Արևելյան գործընկերության 6 երկրների հետ՝ այդ թվում նաև Ադրբեջանի։ ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը բանակցվում է, որքան ես գիտեմ, բանակցությունները մոտնում են իրենց վերջնական փուլին։ Սրանք երկկողմ բանակցություններ են՝ յուրաքանչյուր գործընկերոջ հետ»,-այսօր այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի ու լրատվության հարցերով ղեկավար Եկատերինա Դորոդնովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված համաձայնագրում Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումները տեղ կգտնեն կամ մոտ ձևակերպումներ կլինեն նաև ԵՄ-Ադրբեջան բանակցվող համաձայնագրում։
Եկատերինա Դորոդնովան նշեց, որ յուրաքանչյուր համաձայնագիր համաձայնեցվում է տվյալ գործընկերոջը, չկա այսպես կոչված ստանդարտ լեզու, որը օգտագործվում է։
«Երբ մենք բանակցում էինք Հայաստանի հետ համաձայնագիրը, երբեք չենք խորհրդակցել ադրբեջանցի գործընկերների հետ, թե ինչ լեզու, ինչ բառամթերք օգտագործենք։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ բանակցություններին, որոնք դարձյալ երկկողմ են, մենք կարող ենք ասել, որ Հայաստանը որևէ դեր չի խաղում այս բանակցություններում, բայց մենք շատ զգուշությամբ ենք մոտենում այն ձևակերպումներին, որոնք վերաբերում են հակամարտություններին և դրանց հանգուցալուծմանը։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ Եվրամիությունն ունի իր հստակ դիրքորոշումը, այն է՝ ԵՄ-ն լիովին աջակցում է այն միջնորդական առաջարկություններին ու աշխատանքներին, որոնք իրականացվում են Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի կատարած աշխատանքներին, և նախատեսում է հակամարտության լուծումն այդ շրջանակներում»,-պատասխանեց Դորոդնովան։
Նշենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում ասվում է, որ ընդունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը։ Ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում։ Նշվում է նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության կողմից հայտարարված հանձնառությունը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ