Վերջին վեց ամսվա ընթացքում ԱԻՆ-ը սպասարկել է 1 մլն հեռախոսազանգ. Ֆելիքս Ցոլակյան
Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը վերջին վեց ամսվա ընթացքում սպասարկել է 1 մլն հեռախոսազանգ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նախարարի խոսքով՝ միշտ չէ, որ այդ զանգերը վերաբերում են պատահարներին. «Լինում են զանգեր, երբ հարցնում են եղանակի մասին, հետաքրքրվում են ճանապարհների վիճակից և այլն»։
Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ վերջին 6 ամիսներին գրանցված զանգերից 2300-ը վերաբերել են հրդեհներին, որոնցից ամենախոշորը Լոռու մարզի Վահագնաձոր գյուղին հարակից անտառում բռնկված հրդեհն էր։ Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է նաև քարաթափման 29 դեպք, փլուզման՝ 43 դեպք, սողանքների՝ 2 դեպք, ինչպես նաև գրանցվել է կոմունալ կենսաապահովման համակարգի վթարների 13 դեպք։
«Այս բոլոր վթարների վերացմանն ակտիվ մասնակցություն են ունեցել փրկարարները, դա նրանց ամենօրյա ծանր աշխատանքի մի մասն է: Ցավոք, մարդկանց կյանքեր փրկելուց ունենում ենք նաև զոհեր», - ասաց ԱԻ նախարարը և բնակչությանը զգոնության կոչ արեց:
Ֆելիքս Ցոլակյանը բարձր գնահատելով հայ փրկարարների պատրաստվածությունը՝ նշեց, որ նրանք ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ հասել են պրոֆեսիոնալիզմի, և անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնության ձեռք մեկնել նաև հարևան երկրներին։
ԱԻ նախարարը հայտնեց, որ լուծված է փրկարարների համազգեստի, վառելիքի հարցը. «Երկարատև աշխատանքի արդյունքում մենք կարողացանք հասնել նրան, որ փրկարար ջոկատները ստանան օրենքով նախատեսված վերջին կաթիլ վառելիքը, ինչը նախկինում չի եղել»:
Անդրադառնալով փրկարարների աշխատավարձերին, Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ դրանք ցածր են, ուստի կառավարության կողմից տրամադրվել է որոշակի գումար, ինչը հնարավորություն կտա տարվա ընթացքում 4 անգամ պարգևավճար տալ փրկարարներին` իրենց աշխատավարձի չափով: