Նոր սուպերնախարարություն ստեղծելու գաղափարին դեմ եմ. Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ուզում են փոխել նախարարության կարգավիճակը:
«Փրկարար ծառայությունն այսօր ավելի շատ հետևանքները վերացնող է, քան կանխարգելող։ Մենք ուզում ենք բարձրացնել նախարարության կանխարգելող դերը, ինչը շատ կարևոր է»,- ասաց նախարարը:
Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ Կրթության և գիտության նախարարությանն առաջարկել են դպրոցներում ներդնել «Քաղպաշտպանություն» առարկան, և այն դասավանդեն մասնագետները, այդ թվում ԱԻՆ-ի վետերանները:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկին` ԱԻՆ-ը միացնել ոստիկանությանը, նախարարն ասաց, որ թեև իր պատասխանը սուբյեկտիվ կլինի, սակայն դեմ է դրան:
«Ոստիկանությունը պատժիչ ֆունկցիա ունի, իսկ ԱԻՆ-ը` ավելի մարդասիրական: Հումանիտար ու պատժիչ գործունեություններն իրար հետ չեն բռնում, և պարտադիր չէ, որ միասին գործեն: Կարծում եմ, որ ոստիկանության դերը պետք է կոնկրետացվի,և նոր սուպերնախարարություն ստեղծելու գաղափարին ես դեմ եմ»,-նշեց նա:
Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց նաև, որ նախատեսում են առաջարկություն ներկայացնել կառավարություն՝ ԱԻՆ-ի ոչ սպայական կազմի աշխատավարձերը բարձրացնելու համար: Ըստ նրա՝ շարքային անձնակազմի միջին աշխատավարձը 115 հազար դրամ է, սպայական կազմինը` 230 հազար դրամ:
«Փրկարարների աշխատավարձը ցածր է, բայց նա իր կյանքն է վտանգի տակ դնում: Ասում են, որ փրկարարները երեք օր տանն են, մեկ օր են աշխատում են, բայց նրանք աշխատում են 24 ժամ, աշխատում են վտանգավոր պայմաններում և նրանց աշխատավարձը պետք է բարձր լինի»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին