Նախկինում որոշ դեսպաններ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, այժմ 347,5 մլն դրամ կհատկացվի ԱԳՆ-ին
Գործադիրի այսօրվա նիստում կառավարության պահուստային ֆոնդից Արտաքին գործերի նախարարությանը 347 մլն 522 հազար դրամ հատկացվեց` օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով 2018 թ․ մայիսից ի վեր որդեգրած սկզբունքային քաղաքականության շրջանակներում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակվում են կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից, սա ի հայտ բերեց, որոշ պահանջներ ֆինանսական որոշ վերահաշվարկների համար:
«Նախկինում արտերկրում մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, որոնք ԱԳՆ համակարգից չէին։ Նրանցից մի մասը իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից, բնակարանների վարձավճարներից, բժշկական ապահովագրությունից և ներկայացուցչական այլ ծախսերից։ ԱԳՆ բյուջետային հայտում վերոնշյալ ծախսերը ներառված չեն եղել և այդ նպատակով բյուջեից գումարներ չեն հատկացվել։ Այժմ առաջացել է վերոնշյալ ծախսերի հատվածը ՀՀ պետական բյուջեից ապահովելու անհրաժեշտությունը»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե եթե չի սխալվում, ապա նախկինում դեսպանատներ ենք ունեցել, որ համարյա պետական ֆինանսավորում չեն ունեցել: «Համենայնդեպս, խորհրդարանական քննարկումներից նման բան հիշում եմ. կամ այդպիսի կամ դրան մոտ իրավիճակներ ունեցել ենք»,- նշեց վարչապետը։
Զոհրաբ Մնացականյանն էլ հաստատեց այդ իրողությունը: Նախարարի խոսքով՝ հենց այդ հանգամանքներն են ի հայտ բերել խնդիրը, որը պահանջում է լրացուցիչ ֆինանսավորում:
«Պետք է խոստովանել, որ բավականին տարօրինակ իրավիճակ է, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ, այսինքն՝ դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը պատկանում է մի կոնկրետ մարդու, բայց նրանք հանդես են գալիս պետության անունից, բայց պետական ֆինանսավորում չկա։ Սա տարօրինակ իրավիճակ է՝ անկախ նրանից, թե ով է դեսպանը։ Բազմաթիվ հարցեր են ծագում և այդ հարցերի պատասխաններ գտնելն այսօր օրակարգային է Հայաստանի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան