ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ապրիլի 24-ին մասնակցել է Գլխավոր ասամբլեայի «Մուլտիլատերալիզմի և խաղաղության համար դիվանագիտության միջազգային օր» խորագրով լիագումար նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
ՀՀ մշտական ներկայացուցիչը, նշելով Հայաստանի կողմից բազմակողմ միջազգային համագործակցությանը տրվող կարևորությունը, շեշտել է, որ «այսօր Հայաստանում և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը ոգեկոչում և հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։
Նշելով, որ ապրիլի 24-ը խորհրդանշում է քսաներորդ դարի մարդկության պատմության ամենադաժան էջերից մեկը, երբ 104 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության հանցագործությանը, Մհեր Մարգարյանը շեշտել է, որ Հայոց ցեղասպանությունը վառ հիշեցում է նաև, թե ինչ աստիճանի մարդկությունը կարող է արժեզրկվել բազմակողմ կայուն հաստատությունների բացակայության և միջազգային ճգնաժամի պայմաններում։
ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ «Հայաստանը հատուկ պատասխանատվություն ունի առաջ մղելու մարդու իրավունքների օրակարգը՝ հատկապես մարդկության դեմ հանցագործությունները և զանգվածային ոճրագործությունները կանխարգելելու գործում»։
Նա շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ է ջանքեր գործադրել՝ աջակցելու միջազգային կառույցների ամրապնդմանը՝ աշխարհում ատելությունը և ծայրահեղականությունը կանխարգելելու և մարդու իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին