Պուտին. Հայաստանի ու մյուս երկրների հետ միությունները կառուցվում են ինքնիշխանության հարգման վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին, որն անցկացվում է Պեկինում ապրիլի 25-27-ին։ Պուտինը համաժողովին հանդես է եկել Եվրասիայի երկրների հետ համագործակցության մասին ելույթով։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։
Պուտինը նշել է, որ Եվրասիական տարածքում գտնվող երկրները, չնայած անցյալում հակամարտություններին ու պատերազմներին, ի վերջո եկան համագործակցության գաղափարին, որի օրինակ է հանդիսանում Եվրասիական տնտեսական միությունը:
«Ռուսաստանը շահագրգռված է բոլոր եվրասիական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, իրավունքների ու օրինական շահերի հանդեպ անսասան հարգանքի սկզբունքների հիման վրա: Եվ հենց այդ սկզբունքների վրա ենք մենք մեր գործընկերների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի հետ կառուցում Եվրասիական տնտեսական միությունը»,-ասել է Պուտինը։
Պուտինը նաև նշել է, որ մայիսի 29-ին կլրանա Միության 5 տարին և այս ժամանակահատվածում ստեղծվել է ընդհանուր շուկա, ստեղծվում են պայմաններ ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման համար: Ձևավորվում են միասնական շուկաներ, ինչպես նաև թվային տարածքներ: