Թուրքիան խիստ է արձագանքել Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի զեկույցին
Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի կազմած «2019թ. միջազգային կրոնական ազատության զեկույցը» Թուրքիայում մեծ դժգոհություն է առաջացրել: Զեկույցում անդրադարձ է կատարվել իսլամի քարոզիչ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի ու նրա ղեկավարած իսլամական շարժմանը:
Թուրքիայի իշխանություններին զայրացրել են այն ձևակերպումները, որոնք կիրառվել են զեկույցում իրենց կողմից 2016-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Գյուլենին ու նրա շարժումը բնութագրելիս:
Թուրքիայի արտգործնախարարությունը խիստ հայտարարություն է արել նշյալ զեկույցի առթիվ՝ պնդելով, թե ԱՄՆ-ն գիտակցաբար պաշտպանում է FETÖ-ին (գյուլենական ահաբեկչական կազմակերպություններ):
Թուրքական մամուլում սկանդալային որակված զեկույցի վերաբերյալ հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Համի Աքսոյը՝ ասելով, որ վերաբերյալ կիրառված «ճնշումների ենթարկվող սուննի մուսուլմաններ» ձևակերպումն արդեն ցույց է տալիս զեկույցի կողմնակալ ու իրականությունից կտրված լինելը:
«Տասնյակ ահաբեկչական գործերով ներգրավված FETÖ-ն «թուրքական կառավարության կողմից իրեն տապալելու փորձի մեջ մեղադրվող Գյուլենն ու նրա հետևորդները» բնութագրումը նշանակում է գիտակցաբար աչք փակել ահաբեկչության վրա»,- ասել է Աքսոյը:
Վերջինս փորձել է հավաստիացնել, որ իրենց երկրում բարեբեր կրոնների գործունեության համար շատ նպաստավոր միջավայր է ստեղծված՝ որպես ապացույց բերելով 2018-ին Թուրքիայում գործող կրոնական փոքրամասնությունների համատեղ հայտարարությունն առ այն, որ իրենք ճնշումների չեն ենթարկվում:
«Ներկայացուցիչների պալատում որևէ մահմեդականի ներկայությունը չհանդուրժող, իսլամաֆոբիայի դեմ պայքարում բավականաչափ կամք չդրսևորող և սեփական երկրում կրոնական փոքրամասնությունների դեմ հարձակումները կանխելու հարցում անզոր ԱՄՆ-ի կառավարության և Կոնգրեսի կողմից Թուրքիային քննադատելը առնվազն հակասականություն է»,- նշել է Աքսոյը:
Նշենք, որ ԱՄՆ-ի կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովի զեկույցը երկրի կառավարության համար ունի խորհրդատվական նշանակություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց