«Հրապարակ». «Չեմ խոստանում, որ էդ հարցը ես կլուծեմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք մեր «սրտի» պատգամավորն եք, ողջ Հաղթանակ թաղամասը, որը կոյուղի չունի, Ձեզ է ընտրել. տեղյա՞կ եք, որ 21-րդ դարում երևանյան մի ողջ թաղամաս ահավոր վիճակում է, դիմացն էլ՝ ամառ․ հարցրինք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանին։ «Եթե չեմ սխալվում, դա թաղապետարանի գործառույթն է»:
Բայց Դուք Արարատի մարզպետի «գործառույթների» մասով` Ալեքսանյանի քրոջ զավակների հետ հանդիպեցիք, հարցեր լուծեցիք, իսկ Ձեր բուն ընտրողներին կարծես մոռացել եք։ Ի դեպ, Ձեր նախընտրական նկարները դեռ չեն հանվել՝ զարդարում են մեր պատերն ու սյուները։ «Այդ թաղամասին դեռ չենք հասել. թող ամենավատ բանն էդ լինի, հա՞»: Կոյուղի՞ն նկատի ունեք, թե՞ նկարները։ «Նկարները, և ապա` տեսնում եք, չէ՞, նախորդ իշխանություններն ինչ իշխանություն են եղել, որ Դուք ապրում եք մի թաղում, որը կոյուղի չունի, իսկ մենք պետք է այդ հարցը լուծենք և կլուծենք սիրով»:
Նախորդ իշխանությունն էլ էր ասում «սիրով», անգամ Սամվել Ալեքսանյանն էր խոստանում, իր զարմիկ` նախկին թաղապետն էր գալիս-գնում, ոչ մի արդյունք։ «Ես նոր թաղապետին կասեմ` թող զբաղվի. թաղապետի հետ կգանք-կայցելենք թաղամաս, կհասկանանք, թե ինչ խնդիր է։ Չեմ խոստանում, որ էդ հարցը ես կլուծեմ, բայց կբերեմ թաղապետին, թող միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում