Հայաստանն ամենահիասքանչ վայրն է, որ կարող եք այցելել այս ամռանը. Matador Network
Ամերիկյան Matador Network կայքը, որը մասնագիտացած է զբոսաշրջության, մշակույթի ուղղությամբ, հոդված է նվիրել Հայաստանին՝ որպես լավագույն այցելության վայր այս ամռանը՝ այն վերնագրելով «Հայաստանն ամենահիասքանչ վայրն է, որ կարող եք այցելել այս ամռանը»։
Հոդվածում նշվում է, որ Ասիան այս ամռան ամենահայտնի ուղղություններից է, իսկ Հայաստանը, որը զբաղեցնում է յուրահատուկ մշակութային տարածք, որն ամբողջությամբ ոչ ասիական է, ոչ եվրոպական, աշխարհում ամենագեղատեսիլ վայրերից է։
«Եթե ցանկանում եք, որ Ձեր հաջորդ արձակուրդը լինի իսկապես յուրահատուկ, ապա պետք է այցելեք Հայաստան։ Բացի այն փաստը, որ Քարդաշյաններն հայ են, ինչն ամենևին էլ երկրի մեղքը չէ, երկիրը հիմնականում հայտնի չէ։ Անկախ նրանից, այցելում եք լեռնային ցնցող լանդշաֆտներ, համտեսում եք հին ու համեղ խոհանոցը կամ ծանոթանում հարուստ պատմությանը, չեք զղջա՝ Հայաստանը դարձնելով Ձեր առաջին կանգառը Հարավային Կովկասում»,-ասվում է հոդվածում ու ներկայացվում Հայաստանի հին պատմությունն ու գեղեցիկ ավանդույթները։
Երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, որտեղ գտնվում է առաջին քրիստոնեական եկեղեցին. Էջմիածնի Մայր Տաճարը, որը կառուցվել է 301-303 թվականներին, մինչև օրս հայերի կրոնական կենտրոնն է։ Նշվում է Գեղարդի վանական համալիրի, Տաթևի վանքի մասին, հայկական հայտնի գորգերի մասին։
Արարատ լեռը, որը, տեխնիկապես գտնվում է Թուրքիայի տարածքում, հսկայական նշանակություն ունի հայերի համար՝ որպես հայրենիքի խորհրդանիշ։
Հայաստանն ունի նաև լավագույն խոհանոցն աշխարհում՝ լավաշ, քուֆթա, խորաված, բաստուրմա, գաթա, ծիրան։ Իսկ ամենակարևոր հարցը, արդյո՞ք կարելի է ծորակից ջուր խմել, ապա պատասխանն է՝ այո։ Ջուրը ոչ միայն անվտանգ է, այլ աշխարհում ամենամաքուրներից է։