Հայաստան. Որդեգրման ենթակա 77 երեխաներից 45-ն ունեն առողջական խնդիրներ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության համաձայն, 2018 թվականին կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թիվը կազմել է 77, որոնց 48.0%-ն աղջիկներ են: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ պաշտոնական տվյալների՝ որդեգրման ենթակա երեխաներից 17-ն ունեն երկու ծնող: Այդ երեխաներից 10-ն աղջիկ է, մեկն էլ՝ մինչև 6 ամսական: Միակողմանի ծնողազուրկ է 1 երեխա՝ աղջիկ, երկկողմանի ծնողազուրկ երեխաները երկուսն են. նրանք ևս աղջիկներ են:
Տվյալների համաձայն՝ որդեգրման ենթականերից 11-ը միայնակ մոր երեխաներ են, որից 5-ն աղջիկ: Ըստ վիճակագրության՝ երեխաներից 5-ը (4 աղջիկ, 1 տղա) ծնողական իրավունքից զրկվածի են, իսկ 41-ը (15-ը՝ աղջիկ) մնացել է առանց ծնողական խնամքի:
Նշենք, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներից 6-ը մինչև 6 ամսական են, 13-ը՝ մինչև 1 տարեկան, 11-ը՝ 1 տարեկանից մինչև 6 տարեկան, 8-ը՝ 10-ից մինչև 15 տարեկան, 3-ը՝ 15-ից մինչև 18 տարեկան:
Որդեգրման ենթակա 77 երեխաներից 51-ը հաշվառված են Երևանում, 2-ը՝ Արարատի մարզում, 1-ը՝ Արմավիրում, 4-ը՝ Գեղարքունիքում, 6-ը՝ Լոռու մարզում, 1-ը՝ Կոտայքում, 9-ը՝ Շիրակում, 1-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Տավուշում:
Երեխաներից 32-ն առողջ են, իսկ 45-ն ունեն առողջական խնդիրներ: Նրանից 18-ը հաշմանդամություն ունի:
Պաշտոնական տվյալների համաձայն, երեխաներին որդեգրելու պատրաստ 166 քաղաքացի կա, որից 123-ը Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացիներ են, 41-ը՝ արտերկրում բնակվող օտարերկրացիներ, 1-ը՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացի, 1-ն էլ՝ ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացի:
Ըստ աղբյուրի՝ 2018 թվականին որդեգրվել է 48 երեխա (26 աղջիկ), որից 23-ը՝ ՀՀ քաղաքացիների կողմից: