Շատ ցավեցի, որ ուռենիները կտրվեցին. Երևանի գլխավոր ճարտարապետ
«Ես շատ ցավեցի, որ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու ուռենիները կտրվեցին»,- քաղաքապետարանում ասուլիսի ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Երևանի 2800-ամյակին նվիրված այգուն։
«Կոնկրետ այն ուռենին, որ դուրս էր գալիս Շահումյան հրապարակ, երբ կտրվեց, ես ոչ թե նեղվեցի, այլ իսկապես կատաղեցի, որովհետև ես սիրում էի այդ ծառը և հենց ինքն այն ծառն էր, որի տակ դրված էր ջուր ծախող տղայի արձանը, և ինքը լրիվ կազմակերպված միջավայր էր։ Ըստ երևույթին՝ այդ արձանի ճակատագիրն ավելի շատ հենց այդ ուռենին լուծեց: Հենց կտրվեց ուռենին, արձանը կախվեց օդում, և հիմա գտնվում է Անգլիական այգում։ Սակայն օրինաչափ է, որ երբ մի նոր բան ես անում, մի բան պետք է քանդվի, մի բան կտրվի: Կյանքն այդպես է, ոչ մի բան զուտ որպես շարունակություն չի գնում: Հիմա, ի վերջո, այգին կազմակերպվեց, ստացվեց և տեսնում ենք, որ այգում երեկոյան ասեղ գցելու տեղ չկա»,- ասաց ճարտարապետը:
Մեսչյանի խոսքով՝ հազար ու մի ճաշակ կա, ամեն մեկն իր վերաբերմունքն ու ճաշակն ունի. «Մեկին այդ արձանները, խալին դուր է գալիս, մյուսին՝ չէ: Փաստը մնում է փաստ՝ այդ տղերքը եկան, կառուցեցին, և ես՝ որպես ոչ թե գլխավոր ճարտարապետ, այլ երևանցի, շնորհակալ եմ, լավ գործ արեցին տղերքը: Իսկ ծառը կարելի էր պահպանել: Ես կպահպանեի, ինչ ասեմ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ