66-ամյա կնոջ մահվան մեջ մեղադրվում է ազգականը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 66-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել տուժած կնոջ ազգականին:
ՔԿ-ից հայտնում են, որ 2018 թվականի սեպտեմբերի 17-ին` ժամը 11.40-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Կապանի բաժին ահազանագ է ստացվել այն մասին, որ շտապ բուժօգնության մեքենայով մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Կապան քաղաքի՝ 1953թ. ծնված բնակչուհին՝ ծանր գանգուղեղային տրավմա, արյունահոսող պատռվածք վերք, վերին վերջույթներում ճանկռվածքներ ախտորոշմամբ:
Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի հետ անմիջական առնչություն ունի տուժած կնոջ ազգականը, ով հանդիսանում է Կապան քաղաքի բնակիչ՝ ծնված 1966 թվականին:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2018թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Կապան քաղաքի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող աստիճաններին տղամարդը հանդիպել է 66-ամյա կնոջը, նրանից գումար խնդրել և մերժում ստանալուց հետո, դրամապանակը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, փորձել է այն վերցնել վերջինիս ձեռքից: Հանդիպելով կնոջ դիմադրությանը՝ քաշքշել է նրան, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող աջ նախաբազկի շրջանի ճանկռվածքներ:
Քաշքշուկի հետևանքով կինը, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել աստիճանահարթակին, գլխով հարվածել գետնի անհարթ մակերեսին և ստացել փակ, բութ գանգուղեղային վնասվածք, ինչն էլ վերջինիս մահվան պատճառ է դարձել:
Վայր ընկնելուց հետո տղամարդը բացահայտ հափշտակել է կնոջ դրամապանակը, դրա մեջ եղած գումարը և նրան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ տղամարդը հաշվառված է «Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲ ընկերությունում` անձի օրգանական խանգարում ախտորոշմամբ: Նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:
Հափշտակված գողոնը նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին