Գարեգին Բ. Արցախով ոգեշնչվում և խանդավառվում է աշխարհասփյուռ մեր ողջ ժողովուրդը
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ տիար Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիար Վլադիմիր Վարդանյանի:
Արցախյան պատվիրակությունը Հայաստան էր ժամանել Հայաստանի և Արցախի ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի առիթով:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է միջխորհրդարանական այս հանդիպումները, որոնց ընթացքում համատեղ քննարկվում են Արցախի առջև ծառացած հարցեր, որպեսզի միասնական ջանքերով հաղթահարվեն բոլոր մարտահրավերները, պաշտպանվեն արցախահայության արդար իրավունքները և գտնվեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ: Այդ գործընթացում Նորին Սրբությունը հրամայական է նկատել միասնականությունը և համագործակցությունը:
Վեհափառ Հայրապետը նշել է, որ Հայոց Եկեղեցին իր հերթին կարելին անում է` նպաստելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, միջեկեղեցական և միջազգային տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնում է արցախյան հիմնախնդրի մասին: Գարեգին Բ Կաթողիկոսը հավաստիացրել է, որ Արցախը միշտ իր աղոթքների մեջ է, Հայոց Եկեղեցին` Արցախի կողքին` պատրաստակամ աջակից լինելու արցախցուն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Արցախով ոգեշնչվում և խանդավառվում է աշխարհասփյուռ մեր ողջ ժողովուրդը, որի համախմբման և միավորման գործում Արցախը կարևոր դերակատարություն ունի:
Անդրադառնալով Արցախ կատարած հովվապետական այցելություններին` Նորին Սրբությունն ընդգծել է, որ միշտ վերադառնում է մխիթարված և գոտեպնդված` տեսնելով արցախցու հավատավոր և քաջարի ոգին, որով անառիկ է պահում երկրի սահմանները: Հայրապետի խոսքի համաձայն, արցախահայության զորավոր ու դարերի խորքից եկող հավատքը, լավատեսությունը և քաջազնությունը հաղթական կամքի ոգի է կերտում ողջ ազգի մոտ: