Հանրային ռադիոընկերությանը պատկանող գույքը օտարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում գտնվող Երևան քաղաքի Տերյան 2 հասցեի շենքը և դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի օտարման գործընթացը:
Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ կադաստրի պետական կոմիտեից և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերությունից:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 23.10.2016թ. հունվարի 29-ի որոշմամբ «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Տերյան 2 հասցեում գտնվող շենքը և դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ է վերցվել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ից և գնահատված արժեքով ներդրվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի որոշմամբ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու և հրապարակային սակարկությունների անցկացման կարգը խախտելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 196-րդ հոդվածով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Մանրամասները Գլխավոր դատախազության պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին