Կինը եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ոստիկանությունը՝ ինքնավնասման դեպքի մասին
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել մայիսի 17-ի կեսգիշերին Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Պարզաբանման մեջ նշված է.
«Մայիսի 17-ի կեսգիշերին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում միջադեպ էր եղել, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում:
Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը:
Մայիսի 18-ին, ժամը 01։00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ ծառայության ընթացքում, հիշյալ խաչմերուկի մոտ նկատել են ճանապարհի երթևեկելի հատվածում նստած մի կնոջ։ Մոտեցել և փորձել են նրան երթևեկելի հատվածից դուրս հրավիրել։ Կինն ակնհայտ լինելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել, իսկ ձեռքում պահած կոտրած ապակու բեկորով վնասել է մարմնի տարբեր հատվածները։
Կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել:
Հանգամանքները պարզվում են»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մեծ պողոտայում իրեն վնասած կնոջ վիճակը բավարար է
- Քաղաքացին Երևանի կենտրոնում կտրել է վիզն ու երակները