Կարծախում թուրքերը ծեծել են հային ու գողացել անասունները
Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Թուրքիային սահմանակից Կարծախի գյուղում նախորդ գիշերը հարձակվել են պահակի վրա և գոմից գողացել 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Jnews-ի հաղորդմամբ, սահմանապահները կարողացել են անասուններին վերադարձնել մինչև Թուրքիայի սահմանը հատելը, իսկ ավազակները կարողացել են թաքնվել:
Գոմի պահակ Սարգիս Գասպարյանը պատմել է, որ հեռախոսով որդու հետ խոսելիս է եղել, երբ ձայն ու շան հաչոց է լսել, բացել է տնակի դուռը, որտեղ գիշերում է։ Զգալով, որ ինչ-որ բան այն չէ, ներս է մտել ու փակել դուռը։ Գողերը սպանել են շանը, այնուհետև կոտրել են վագոնի դուռն ու ներս մտել։ Նրանք նախ պահանջել են պահակի հեռախոսը:
«Վրացերեն ասացի, որ չեմ տա, իսկ նա թուրքերեն, թե ինչպես չես տա և հարվածեց ինձ ատրճանակի կոթով։ Ես հասցրեցի հեռախոսս մի կողմ նետել: Հետո ինչ-որ բան փչեց աչքերիս, մտավ երկրորդը և սկսեցին կապել թևերս: Կապեցին պարանով և ձեռնաշղթա հագցրին, բերանս փակեցին և գնացին: Նրանք զինվորական համազգեստով էին: Վստահ եմ, որ վրացերեն գիտեին, թուրքերեն ակցենտով էին խոսում: Ես թուրքերեն մի քիչ հասկանում եմ»,- ասել է Սարգիս Գասպարյանը:
Սարգիս Գասպարյանը տեսել է երեքին, բայց չգիտի, թե քանիսն են եղել ավազակները: Պահակի տնակը գտնվում է գոմի դիմացի մասում: Հարձակվողները ներս են մտել գոմ պատուհանից և անասուններին դուրս են բերել տնակի հակառակ կողմից։ Երբ գողերրը հեռացել են, Սարգիս Գասպարյանը դժվարությամբ քանդել է կապերը, բայց ձեռնաշղթան մնացել է ձեռքերին։ Նա բացել է դուռն ու վազել տիրոջ տուն։ Գոմի և նախիրի տերը՝ Ատոմ Հողմրցյանը, անմիջապես ոստիկանություն է զանգահարել, հետո գնացել է սահմանապահ անցակետ: Սարգիս Գասպարյանին տարել էին շտապ օգնության մեքենայով, նրա վերքը մաքրել էին, ներարկումներ արել և դուրս գրել:
Ատոմ Հողմրցյանը և գյուղացիները վրդովված են, որովհետև սա սահմանամերձ գյուղերում անասունի գողության առաջին դեպքը չէ։ Հողմրցյանի համար սա 3-րդ դեպքն է. առաջին անգամ 2017-ին անվերադարձ գողացել էին 34 գլուխ, 2018-ին՝ 35 գլուխ անասուն։ Այդ ժամանակ նրանց գտել և վերադարձրել էին: Բոլոր դեպքերի ժամանակ նախիրը տարել էին Թուրքիայի ուղղությամբ։
«Ինչպես կարող է սահմանապահներին չհաջողվի տեսնել, որ անասունները սահմանից տեղափոխվում են: Նրանք կարող են առևանգել և մարդկանց, իսկ սահմանապահները չեն տեսնի: Գիշերը կարող են սպանել մեզ, գողություն անել: Ինչի՞ համար են սահմանապահները մեզ պետք, եթե նրանք չեն կարող մեզ պաշտպանել: Ի՞նչ անենք մենք, վաճառենք ամեն ինչ և գյուղից հեռանանք: Ի՞նչ հույսով մնանք գյուղում: Մարդիկ արդեն ուզում էին փակել ճանապարհը, բայց կանգ առան, տեսնենք հետագա իրավիճակը», – ասում է Ատոմ Հողմրցյանը։
Վրաստանի ՆԳՆ-ն Կարծախում կատարվածի փաստով հետաքննություն է սկսել ՔՕ 179-րդ հոդվածով (Ավազակություն):