Կենսաթոշակ նշանակելիս կրկնակի չափով կհաշվարկվի շփման գծում մարտական հերթապահությունը
ՀՀ կառավարություն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացնելով նախագծերի փաթեթը, նշեց, որ առաջարկվում է լուծել աշխատանքային և զինվորական կենսաթոշակներիին առնչվող հարաբերություններում իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները։
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2016 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ նշանակելիս` զինծառայության ստաժում կրկնակի չափով հաշվառվում է նաև այլ զորքերի զինծառայողների` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը։
Կենսաթոշակը նշանակվում է
Ա. կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու՝ այդ թվում` կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
Բ. կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:
ՀՀ-ի հետ համապատասխան համաձայնագիր կնքած պետությունից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա կենսաթոշակ նշանակելիս` նախկին օրենսդրությամբ հաշվարկված ստաժը պահպանվում է նույնությամբ, եթե գործող օրենսդրությամբ սահմանված չեն ստաժի հաշվարկման ավելի բարենպաստ պայմաններ, իսկ եթե նշանակվող կենսաթոշակի չափը ցածր է մինչև կենսաթոշակի գործը տեղափոխելը Հայաստանի Հանրապետությունում վճարված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով.
-կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս` ավել վճարված կենսաթոշակի գումարներից հաշվանցվում է ոչ միայն կենսաթոշակի, այլ նաև ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների գումարը (եթե կենսաթոշակառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք).
-թաղման նպաստ նշանակվում և վճարվում է նաև այն դեպքում, երբ անձը սահմանված եռամսյա ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է մինչև իր վերաբերյալ որոշում կայացնելը.
-կենսաթոշակառուն պարտավոր է իրեն վերաբերող հավաստի տվյալները ներկայացնել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, այլ ոչ թե լիազոր մարմին.
-կենսաթոշակային վճարը պետական բյուջե է վճարվում ՀՀ դրամով։
«Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխության ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել.
-եթե անձը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այդ նպաստներից որևէ տեսակի նպաստի իրավունք և այլ տեսակի նպաստ նշանակելու դիմումը ներկայացրել է նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ապա այլ տեսակի նպաստը նշանակվում է նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից,
-թաղման նպաստ նշանակվում և վճարվում է նաև այն դեպքում, երբ անձը սահմանված եռամսյա ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է՝ մինչև իր վերաբերյալ որոշում կայացնելը։