Դատավոր. Հաշվի առնելով Գագիկ Հարությունյանի հրաժարականը՝ հրաժարվելու ենք մեր հայցից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը, որ ավելի վաղ անվստահություն է հայտնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին, վերջինի հրաժարականից հետո գրել է.
«Շուրջ 10 ամիսների պայքարը հասավ իր տրամաբանական ավարտին:
Ամիսներ շարունակ թե դատական հայցերով, թե հրապարակումներով բարձրաձայնել ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը նախագահում է անձ, որը պաշտոնավարում է ՀՀ Սահմանադրության խախտմամբ, և որի լիազորությունները պետք է դադարեին տարիքը լրանալու կապակցությամբ:
Այսօր իրականություն դարձավ ԲԴԽ նախագահի հրաժարականը:
Սա դատական իշխանությունում մեծ փոփոխությունների սկիզբ է:
Հարգելի գործընկերներ,
Թե ես, թե Ալեքսեյ Սուքոյանը բազմիցս նշել ենք, որ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի ներկայացված հայցերի իմաստը ոչ թե սնանկության դատարանի դատավորների լիազորությունների վիճարկումն է, այլ Բարձրագույն դատական խորհրդի ոչ իրավաչափ գործողությունների բարձրաձայնումը, որպիսի գործունեությունը պայմանավորված էր ԲԴԽ նախագահի ոչ լեգիտիմ պաշտոնավարմամբ:
Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով ԲԴԽ նախագահի հրաժարականը, նպատակ չունենալով կասկածի տակ դնել կամ վտանգել մինչև այժմ սնանկության դատարանի դատավորների կողմից իրականացված արդարադատությունը` մենք հրաժարվելու ենք ՀՀ վարչական դատարանում քննվող սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումն անվավեր ճանաչելու մեր հայցից, քանի որ կարևորը ոչ թե սնանկության դատարանում մեր նշանակվելն էր, այլ արդարությունը վերականգնելը»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ