ԼՀԿ-ն առաջարկում է երկրի առաջին դեմքերի արարողակարգային ծախսերը դարձնել թափանցիկ
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է Գնումների մասին օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասից հանել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին բառերը, որով հատուկ պաշտպանության ենթակա անձանց՝ այն է ԱԺ նախագահ, ՀՀ նախագահ և ՀՀ վարչապետ, արարողակարգային ծախսերը՝ կեցության, սննդի, տրանսպորտային և նմանատիպ այլ ծախսերը կդառնան այսուհետ թափանցիկ։ Այս մասին այսօր խորհրդարանի նիստում հայտարարեց ԼՀԿ կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Նա հիշեցրեց, որ նման կարգավորում եղել է, բայց այս տեղեկատվությունը դարձել է գաղտնի 2017 թվականից սկսած։
«Այն բանից հետո, երբ 2014 թվականին Տիգրան Սարգսյանը իր գործուղումների ժամանակ անհամաչափ, մինչև մի քանի հարյուր հազար դոլարի հասնող ծախսեր էր արել և հետո այդ ինֆորմացիան տեղ էր գտել մամուլում ու մեծ աղմուկ բարձրացրել, նախկին իշխանությունները որոշել էին, որ պետք է այսուհետ գործեն թաքուն, որ առաջին դեմքերի ծախսերը հանրային հնչեղություն չստանան։ Մենք տարեկան մոտավորապես կես միլիարդ դրամ ենք հատկացնում, որի մասին հանրությունը տեղյակ չէ, թե ինչպես է ծախսվում։
Մեր բերած նախագիծը բացարձակապես կապ չունի անվտանգության թուլացման հետ, քանի որ այստեղ խոսքը պոստ ֆակտում հրապարակելու մասին է»,- հավելեց պատգամավորը։
Սակայն նախագիծը քվեարկության դնելուց հետո չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։