Փաշինյան. Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովը չի ստեղծվել ինչ-որ մեկին պատժելու համար
«Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծում է մեկ նատակով՝ պարզելու, թե արդյոք մեր զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին, բայց ոչ թե ինչ որ մեկին պատժելու համար։ Չնայած եթե հընթացս պարզվի, որ ինչ-որ մեկը պատժելու ենթակա արարք է ցույց տվել, բնականաբար կպատժվի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, մեծագույն խնդիրն է՝ երաշխավորել, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել։
«Դա է դրա նպատակը։ Քննիչ հանձնաժողովի նպատակն է ևս մեկ լծակով զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ապահովել, համոզվել՝ ինչ է եղել ապրիլյանի ժամանակ, համոզվել, որ հիմա նույն բանը չի կարող կրկնվել, երաշխիքներ ստեղծել»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել, ներկայացրել է Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր տեսլականը։
«Հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված պրետենզիաներ կա՞ն, համաձա՞յն են այս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն, պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ։
Երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում։ Ես այս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ո՞նց եմ պատկերացնում, ի՞նչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, այս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է՝ գնա ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի հարյուր տոկոսով՝ ինչ է կատարվում։ Ընդ որում, երբ որ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում ու ինչ են ուզում ասել»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ ինքն է Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։
«Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել ընդհանրապես ինչ է բանակցվել ինձանից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք, թե ինչ է խոսացվել, ինչ է պայմանավորվել, իրենք տեղյակ չեն եղել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Կարապետյան. Քննելու ենք ապրիլյանի հետ կապված հասարակությանը հուզող բոլոր հարցերը
- ԱԺ-ում երկու քննիչ հանձնաժողով կստեղծվի
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ