Օսիպյանը վստահեցնում է՝ բռնության կոչեր, «ճռիկներ» անողները կարժանանան իրավապահների կոշտ միջամտությանը
«Համակարծիք եմ վարչապետի հետ, որ կան մարդիկ, որոնք փորձում են ինքնահաստատվել, ինքնադրսևորվել, ցույց տալ, որ իրենք կարող են Հայաստանում իրենց ամեն ինչ թույլ տալ, բայց դա ընդամենն իրենց կարծիքն է»,- այս մասին գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Նա նշեց, որ բռնության կոչեր անողները կարժանանան ոստիկանության, իրավապահ կառույցների կոշտ միջամտությանը՝ օրենքի սահմաններում։
Հարցին, թե կառավարության նիստում վարչապետը նշեց «սևազգեստ մարդկանց խմբերի» մասին, արդյոք այդ խմբերը վախի մթնոլորտ են ցանկանում ստեղծել, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ որևէ վախի մթնոլորտ չկա, վախենալու պատճառ չկա. «Մեր քաղաքացիներն ապահովված են, Հայաստանն ամենաապահով երկրներից մեկն է»։
Դիտարկմանը, թե ովքեր են այդ մարդիկ, ո՞ր քաղաքական ուժից են, ոստիկանապետը նշեց, որ իրենց համար կապ չունի, թե որ քաղաքական ուժից են, իսկ օպերատիվ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման։
Լրագրողներից մեկն էլ հարցրեց, թե այլևս սև զգեստ չհագնեն, Օսիպյանը ժպտալով պատասխանեց. «Խնդրեմ, հագեք, Ձեզ ո՞վ է բան ասում»։
Դիտարկմանը՝ համամի՞տ է, որ ոստիկանությունը հեղափոխությունից հետո թավշյա գործողություններ է իրականացնում, ոստիկանապետը պատասխանեց․ «Ի՞նչ չի արել ոստիկանությունը, որ դուք կուզենայիք տեսնել։ Ոստիկանությունն արել է ամեն ինչ օրենքի սահմաններում։ Ես չեմ բացառում, որ մեր գործողությունների մեջ լինեն բացթողումներ, ես չեմ բացառում, որ մեր գործողությունները ենթակա են արժևորման, բայց ընդհանուր առմամբ ոստիկանությունն իր առջև դրված պարտականությունները կատարում է»։
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե Ազատության հրապարակն ինչ-որ ժամի ինչ-որ մարդիկ փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնում «ճռիկներ» են անում, Վ. Օսիպյանն ասաց, որ դրանք միշտ էլ եղել են. «Մի անգամ Ազատության հրապարակից 17 մեքենա եմ ուղարկել տուգանային հրապարակ։ Դա մի դեպք եմ ասում, բայց շատ են եղել դեպքեր։ Այսօր գիշերը ևս արձանագրություն է կազմվել»։