Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են Սանկտ Պետերբուրգում
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության արդիական հարցերի, ինչպես նաև տարածաշրջային համագործակցության և ինտեգրացիոն կառույցների շրջանակում փոխգործակցության հարցերի շուրջ կարծիքներ են փոխանակվել։
Վլադիմիր Պուտինն իր խոսքում ասել է. «Ես շատ ուրախ եմ ողջունել Ձեզ ևս մեկ անգամ, այս անգամ՝ Պետերբուրգում։ Կասկած չունեմ, որ հետաքրքիր կլինի և հուսով եմ, որ օգտակար կլինի մասնակցել Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին։ Այն գործընկերների հետ հանդիպելու, տնտեսական օրակարգի հարցեր քննարկելու լավ հարթակ է»:
Նա նաև նշել է, որ կարիք չկա երկկողմ հարցեր քննարկել, քանի որ դա անում են պարբերաբար, վերջերս էլ հանդիպել են, քննարկել են բազմաթիվ հարցեր և հնարավորություն են ունեցել ամեն ինչի մասին խոսելու:
«Հիշեցնեմ, որ Ռուսաստանն առևտրաշրջանառության առումով և շատ այլ հարցերում Հայաստանի առաջատար գործընկերն է, ինչը խոսում է մեր երկու երկրների լավ հարաբերություններ մասին»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում ասել է. «Ես շատ ուրախ եմ Ձեզ հետ կրկին հանդիպել Սանկտ Պետերբուրգում: Վերջերս մենք հանդիպեցինք Նուր-Սուլթանում: Մենք առաջին անգամ հանդիպեցինք մեկ տարի առաջ (2018 թվականի մայիսի 14-ին Սոչիում), և այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, խոսել ենք մեր ընդհանուր օրակարգի բոլոր հնարավոր հարցերի մասին»։
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունները զարգանում են կայուն. «Մենք ակտիվ համագործակցում ենք ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ