Կառավարությունն առաջարկել է լրամշակել ոչ ավանդական սեռական կողմնորոշումը քարոզելը քրեականացնող ԲՀԿ-ի նախագիծը
Կառավարությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանն առաջարկել է լրամշակել իրենց կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով, որն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում, առաջարկվում է պատիժ սահմանել 6 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար:
«Տասնվեց տարին չլրացած անձանց ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը, որը դրսևորվել է ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ նյութեր, նկարներ, հրապարակումներ տարածելով, մեկնաբանելով, դրանցում ներգրավվելու առաջարկ, հորդոր կատարելով կամ դրանցում ներգրավվելը խրախուսելով, կամ այդպիսի հարաբերությունների մեջ ներգրավելու նկատմամբ հետաքրքրություն հարուցելով, կամ ավանդական և ոչ ավանդական սեռական կողմնորոշումների սոցիալական հավասարությունը խեղաթյուրված ներկայացնելով, ինչպես նաև համացանցի, զանգվածային տեղեկատվության ընդհանուր միջոցներով ցանկացած եղանակով ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնատար անձի կողմից պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,- նշված է նախագծում:
Կառավարությունն իր եզրակացությունում որևէ գնահատական չի տվել ներկայացված նախագծին, առաջարկում է լրաշմակել այն:
Մասնավորապես, կառավարությունն ունի հետևյալ դիտարկումները և առաջարկությունները.
«Նախագծով առաջարկվող կարգավորման մեջ օգտագործվում է «ոչ ավանդական սեռական կողմնորոշում» ձևակերպումը, որը քննարկվող հոդվածի դիսպոզիցիան դարձնում է բլանկետային: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասում գործածվող բլանկետային դիսպոզիցիաների էությունը կայանում է նրանում, որ դրանցում նկարագրված հանցագործության հատկանիշներն ամբողջությամբ բացահայտելու համար անհրաժեշտ է դիմել իրավունքի այլ ճյուղերի նորմերին, այլ օրենքների կամ ենթաօրենսդրական ակտերի: Մինչդեռ, ինչպես ՀՀ քրեական օրենսգրքում, այնպես էլ այլ իրավական ակտերում «ոչ ավանդական սեռական կողմնորոշում» ձևակերպման սահմանումը բացակայում է, ինչը խնդրահարույց է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի ապահովման տեսանկյունից: Ելնելով վերոշարադրյալից՝ գտնում ենք, որ քննարկվող ձևակերպման սահմանումն անհրաժեշտ է հստակեցնել կամ Նախագծով առաջարկվող 165.1-րդ հոդվածի շրջանակներում, կամ էլ դրա սահմանումն ամրագրել այլ իրավական ակտերում:
Բացի այդ, նախագծով առաջարկվող 165.1-րդ հոդվածի հանցակազմի օբյեկտը 16 տարին չլրացած անձանց սեռական նորմալ զարգացումն ապահովող հասարակական հարաբերություններն են: Մինչդեռ, քննարկվող հոդվածի դիսպոզիցիայում Նախագծի հեղինակը, ի թիվս այլնի, ներառել է «համացանցի և զանգվածային տեղեկատվության ընդհանուր միջոցներով ցանկացած եղանակով ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը», որը փաստացի ուղղված է ոչ միայն 16 տարին չլրացած անձանց սեռական նորմալ զարգացումն ապահովող հասարակական հարաբերությունների, այլև ավելի լայն զանգվածների դեմ: Այս առումով գտնում ենք, որ վերոնշյալ դրույթն անհրաժեշտ է կամ հանել Նախագծից, կամ էլ խմբագրել՝ հաշվի առնելով 165.1-րդ հոդվածի անմիջական օբյեկտը:
Նախագծով առաջարկվող 165.1-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված որոշ արարքներ գործող քրեական օրենքի այլ հոդվածներով արդեն իսկ քրեականացված են: Այսպես, տասնվեց տարին չլրացած անձանց ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը, որը դրսևորվել է ոչ ավանդական հարաբերությունների վերաբերյալ նյութեր, նկարներ, հրապարակումներ տարածելով, որպես հանցակազմ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է սահմանում պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու համար: Ինչ վերաբերում է նույն արարքին, որը դրսևորվել է ոչ ավանդական հարաբերությունները մեկնաբանելով, դրանցում ներգրավվելու առաջարկ, հորդոր կատարելով կամ դրանցում ներգրավվելը խրախուսելով, կամ այդպիսի հարաբերությունների մեջ ներգրավելու նկատմամբ հետաքրքրություն հարուցելով, ապա այդպիսի արարքները որակվում են ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում անառակաբարո գործողությունների համար: Այսպես, քրեական իրավունքի տեսության մեջ և իրավակիրառ պրակտիկայում անառակաբարո գործողությունները ընդունված է բաժանել երկու տեսակի՝ ֆիզիկական և ինտելեկտուալ: Ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններն են համարվում սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ երեխայի հետ լկտի զրույց տանելը, պոռնկագրական առարկաներ, նկարներ կամ տեսաֆիլմեր ցուցադրելը, պոռնկագրական բովանդակությամբ գրականությանը ծանոթացնելը և նման այլ արարքները:
Վերոգրյալի հիման վրա՝ գտնում ենք, որ Նախագծի համապատասխան դրույթներն անհրաժեշտ է խմբագրել՝ միևնույն արարքի կրկնակի քրեականացումը և քրեաիրավական նորմերի բախումը բացառելու նպատակով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ»:
Բացի այդ, կառավարության եզրակացության մեջ նշված է, որ նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման՝ նկատի ունենալով, որ ազատազրկման կիրառման դեպքում հնարավոր է դատապարտյալների թվի աճ, ուստի և նրանց պահպանման հետ կապված ծախսերի ավելացում, որի կոնկրետ չափը հնարավոր չէ կանխատեսել:
Միաժամանակ հայտնում են, որ Նախագծի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման: