Առաջարկվում է համաներում կիրառել մի շարք վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին օրինագիծը:
Այն նախատեսում է մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել տուգանքից կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ այս օրենքի նախագիծը բաղկացած է երեք մասից, դրանցից մեկը վերաբերում է թույլատրելի զանգվածը գերազանցած տրանսպորտային միջոցներին, երկրորդը՝ առանց համապատասխան լիցենզիաների մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացրած տաքսու վարորդներին, երրորդը վերաբերում է պետական տուրքին:
Նախարարի խոսքով՝ պետական տուրքի մասով դրույթը նույնպես վերաբերում է տաքսի ծառայություններին:
«Տնտեսվարող սուբյեկտին տուրքը վճարելու դեպքում ազատվում էր տույժ-տուգանքներից, դրա համար նրան տրվում էր 3 ամիս ժամանակ, որ այդ տուրքը վճարի, հիմա երկարացվել է 6 ամիս: Օրենքն ընդունելուց հետո այն տաքսու վարորդները, որոնք պետական տուրքը չեն վճարել և դրա համար տույժ տուգանքների են ենթարկվել, կարող են տուրքը վճարել 6 ամսում և ազատվել տուգանքներից»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Մնացած դեպքերում կիրառված տուգանքներն, ըստ նախարարի, համաներվում են: Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ