Մի քիչ օգնեք ձևավորել նոր Հայաստանի մշակույթը էլի. Արարատ Միրզոյան
«Վարչության ընտրված որոշ անդամների դեպքում սպասելի էր, որոշների դեպքում՝ ոչ, իհարկե որևէ մեկը չէր կարող 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել բոլոր 21 անդամներին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ՔՊ վարչության նոր կազմին, որը ձևավորվել է երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ:
Նշենք, որ Արարատ Միրզոյանը նույնպես ընտրվել է վարչության անդամ:
Անդրադառնալով վարչության նախագահի պաշտոնից ինքնաբացարկ հայտնելու մասին իր որոշմանը, ԱԺ նախագահն ասաց, որ իր կարծիքով՝ Սուրեն Պապիկյանն ավելի լավ թեկնածու էր վարչության նախագահի համար. «Մենք ճիշտ ընտրություն ենք կատարել»:
Ինչ վերաբերում է ՔՊ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանի՝ ՔՊ վարչության կազմում չընդգրկվելուն, ինչն, ըստ լուրերի, կապված է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում նրա կողմից ՔՊ թեկնածուին չսատարելու հետ, Արարատ Միրզոյանը նշեց, որ բոլորը սովոր են պատճառներ տեսնել. «Ժողովուրդ ջան, չեմ հասկանում, թե ինչի՞ համար եք ամեն ինչի մեջ յոթհարկանի պատճառների ու կոնսպիրոլոգիաների մեջ մտնում։ Իսկապես, չեմ հասկանում։ Բոլորս սովոր ենք այդպիսի պատճառներ տեսնե՞լ ամեն ինչի մեջ»։
Նա հստակեցրեց, որ ընտրության ժամանակ 51 հոգի ներկայացրել է իր թեկնածությունը, եղել է գաղտնի քվեարկություն, որի արդյունքում ավելի շատ ձայն է ստացել 21 մարդ:
«Այստեղ վիրավորական բան կա այն առումով, որ երբ ասում եք՝ «չեք կարծո՞ւմ, որ դա էր պատճառը», ինչը նշանակում է, որ այս ընտրության արդյունքը կազմակերպված ու կանխորոշված էր ինչ-որ իքս մարդու կողմից, ենթադրաբար՝ Նիկոլ Փաշինյանի կողմից: Եվ քանի որ ինչ-որ պահի չի գոհացրել Նիկոլ Փաշինյանի կամ այլ խմբի, որոշել են՝ Սասուն Միքայելյանը չպիտի լինի ու բոլոր պատվիրակներին ասել են՝ այդպես կքվեարկեք։ Մի քիչ օգնեք ձևավորել նոր Հայաստանի մշակույթը էլի», ասաց Արարատ Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին