Սելինա Դողան. «Շնորհակալություն Իմամօղլուին Ստամբուլում բոլորի ինքնությունը կարևորելու համար»
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ազգությամբ հայ ընդդիմադիր գործիչ, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Սելինա Դողանը Ստամբուլ կայացած ընտրությունների թեմայով գրառում է արել Twitter-ում:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նա մեջբերել է Ստամբուլի քաղաքապետ ընտրված ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հետընտրական առաջին ելույթի խոսքերը և շնորհակալություն հայտնել վերջինիս:
Դողանի գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Էքրեմ Իմամօղլու. «Այս քաղաքում ազգային փոքրամասնություններ չկան: Այս քաղաքում մենք մեր գիրկն ենք առնելու բոլորին՝ հույներին, հայերին, հրեաներին, ասորիներին»:
Շնորհակալություն Իմամօղլուին Ստամբուլում բազմակարծությունը և բոլորի ինքնությունը կարևորելու համար»:
Դիմելով հույն, հրեա, հայ և ասորի քաղաքացիներին՝ Իմամօղլուն հայտարարել է, որ Ստամբուլում փոքրամասնություններ չկան։
«Այս քաղաքում չկան ազգային փոքրամասնություններ։ Մենք այս քաղաքում գրկելու ենք բոլորին՝ հույնին, հային, ասորուն, հրեային։ Մենք այս քաղաքում ժողովրդավարություն ենք կառուցելու։ Մենք այս քաղաքում արդարություն ենք հիմնելու», - ասել է նա։
Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Yeni Akit» թերթը Իմամօղլուի հայտրարությունը սկանդալային է որակել՝ հիշեցնելով, որ Ստամբուլի 17 մլն բնակչությունից 16 միլիոնը մուսուլման թուրքեր են, բայց Իմամօղլուն նրանց «անտեսել է»։ Իսկ հույները Ստամբուլում կազմում են 100․000, հրեաները՝ 15․000, հայերը՝ 50․000, ասորիները՝ 10․000։
Հիշեցնենք, որ Սելինա Դողանը պատգամավոր էր ընտրվել 2015թ. հունիսի 7-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում: Սելինա Դողանը պոլսահայ համայնքի ազդեցիկ կին գործիչներից է: Նա այժմ Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի ավագանու անդամ է:
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն
- Էրդողանի կուսակցությունը հասավ Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան