Հեռացող դեսպանը հավաստիացրել է, որ միշտ հետաքրքրված է լինելու հայաստանյան գործընթացներով
«Մեր երկրում տեղի ունեցած չափազանց լուրջ փոփոխություններին զուգընթաց` դինամիկ փոփոխություններ ու զարգացում են ունեցել նաև հայ-գերմանական հարաբերությունները` ստանալով նոր մակարդակ»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ Հայաստանում դիվանագիտական աշխատանքի ավարտի կապակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հետ հանդիպմանը։
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Բերնհարդ Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ գերմանական կողմը միշտ կարևորել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացումը, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի խորացումը, փոխադարձ այցերն ու փորձի փոխանակումը:
Նրա խոսքով` Հայաստանում հաստատված նոր իրողությունների պայմաններում լայն հնարավորություն է ստեղծվել երկկողմ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու համար: Ըստ դեսպանի` Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցմամբ պայմանավորված էապես մեծացել է Ազգային ժողովի դերակատարությունը, ուստի գերմանական կողմը պատրաստակամ է շարունակելու և ընդլայնելու օրենսդիր մարմնին սատարման ծրագրերը` տարբեր ձևաչափերով:
«Հայ-գերմանական հարաբերությունները միշտ աչքի են ընկել իրենց ջերմ, բարեկամական բնույթով և ընթացող փոփոխություններից հետո դրանք էլ ավելի խորացման հնարավորություն ունեն»,- ասել է գերմանացի դիվանագետը:
Դեսպանն հավաստիացրել է, որ միշտ հետաքրքրված է լինելու հայաստանյան գործընթացներով և իր հետագա գործունեությամբ ևս նպաստելու է հայ-գերմանական հարաբերությունների ամրացմանը: