Թուրք ազգայնական կուսակցապետը S-400-ների ձեռքբերումը կապել է Թուրքիայի լինել-չլինելու հետ
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԺԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին արձագանքել է վերջին շրջանում Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ճնշումներին, որոնք պայմանավորված են ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։
Ըստ Բահչելիի՝ ԱՄՆ-ն վերջին շրջանում հնչեցրած իր թելադրող հայտարարություններով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում Թուրքիայի նկատմամբ։
«Կամ մենք տեղի ենք տալու ԱՄՆ-ի ճնշումներին և դրանով իսկ կորցնելու ենք մեր պատիվը և լրջությունը, որով մարտահրավեր ենք նետել դարերին, կամ էլ մենք հուլիսին S-400-ները կվերցնենք և կտեղակայենք մեր հայրենի հողերում։ Այլ ընտրություն չկա։ Անկախ նրանից, թե ԱՄՆ-ին դուր է գալիս, թե՝ ոչ, S-400-ների հարցը վերածվել է գոյապայքարի»,- ասել է Բահչելին։
Անդրադառնալով ԱՄՆ-ի զգուշացումներին և սպառնալիքներին, թուրք ազգայնականների ղեկավարը ասել է, որ այդ ամենը այս պահին ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի համար։
Հիշեցնենք, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնման պատճառով վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը գնալով խորանում է: ԱՄՆ-ը տարբեր պաշտոնյաների շուրթերով Թուրքիային բազմիցս զգուշացրել ու շարունակում է զգուշացնել, որ ռուսական S-400-ների գնման դեպքում Անկարան կարող է դուրս թողնվել F-35 կործանիչների համատեղ արտադրության նախագծից ու հայտնվել ամերիկյան պատժամիջոցների թիրախում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ