ԱՆ. Այս ինստիտուտն ուղղված է գույքի դեմ և ոչ թե՝ անձի
Արդարադատության նախարարությունն իրազեկում է տարածել Հայաստանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման վերաբերյալ։ Ըստ պետական մարմնի, այդ ինստիտուտի ներդրումը պայմանավորված է միջազգային բնույթի և կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարն արդունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ:
«Այս ինստիտուտը ներդրվում է ապօրինի ծագում ունեցող գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու և այն օրինական սեփականատերերին վերադարձնելու, իսկ վերջիններիս բացակայության կամ հայտնի չլինելու դեպքում՝ հօգուտ պետության բռնագանձելու նպատակով: Այս առումով կարևոր է այն հանգամանքը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը ոչ մի պարագայում չի հետապնդում անձի մեղավորությունը ապացուցելու և նրա նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոց կիրառելու նպատակ, չունի քրեաիրավական հետևանքներ և քրեական գործի քննության վրա չի կարող ազդել:
Այս ինստիտուտն ուղղված է գույքի դեմ և ոչ թե՝ անձի:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը բխում է Հայաստանի Հանրապետության վավերացրած մի շարք միջազգային կոնվենցիաներից.
1. ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» 2003 թվականի կոնվենցիա (վավերացված 2003 թվականին):
2. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի 2005 թվականի կոնվենցիա (վավերացված 2008 թվականին) և այլն:
3. Ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 40 հանձնարարականներ»,-նշում են նախարարությունից։
Ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը բխում է նաև Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունն ընդգծող հետևյալ հանձնարարականներից՝ Եվրոպայի խորհրդի կողմից 2015 թվականի ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման և 2016 թվականի Վարշավայի կոնվենցիային համապատասխանության գնահատման, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018 թվականի ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային ՀՀ համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվություններով:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը կիրառվում է մայրցամաքային և ընդհանուր իրավունքի առաջադեմ պետություններում (ընդ որում, իրավական համակարգերը մեկը մյուսից փոխառում են որոշակի կարգավորումներ): Ինստիտուտը, տարբեր շրջանակներով կիրառվում է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ավստրալիայում Բուլղարիայում, Իռլանդիայում, Սլովենիայում, Թայլանդում, Վրաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում:
Կից իրազեկող հոլովակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ