Ինչու Վիետնամի նախագահը չի հանդիպել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով մեկնել էր Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ, իսկ հուլիսի 6-ին՝ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ:
Այսօր՝ հուլիսի 9-ին, լրատվականները մտահոգություն հայտնեցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել Վիետնամի նախագահի՝ Նգուեն Ֆու Չոնգի հետ։ ԶԼՄ-ներն անգամ նշում էին, որ «Վիետնամի նախագահը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, քանի որ Վիետնամ այցը դեպի Սինգապուր այցի ընթացքում, վերջին պահին, հապճեպ նախաձեռնած է եղել»։
«Իրականում Վիետնամի նախագահ Նգուեն Ֆու Չոնգը բավականին երկար ժամանակ է, ինչ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում հասարակական գործունեություն ծավալել և երևալ հանրության առաջ։ Իրավիճակը հատկապես վատթարացել էր Վիետնամի նախկին նախագահի թաղման արարողության ժամանակ, որին Նգուեն Ֆու Չոնգը չի կարողացել մասնակցել։
Պաշտոնական մեկնաբանությամբ՝ նախագահի առողջական վիճակի վատթարացումը կապված էր աշխատանքային ծանրաբեռնվածության հետ։ Պաշտոնական նմանօրինակ կարևոր հանդիպումներին, որպես կանոն, մասնակցում է երկրի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանը»,-հայտնում են տեղեկատվության ստուգման կենտրոնից։