Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի վարորդի անձնագիրը դեռ վրացի իրավապահների մոտ է
Հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսը։ Խոշոր չափով ծանր թմրանյութ տեղափոխելու համար նախ ձերբակալվել էր ավտոբուսի վարորդ Արտյոմ Խաչատրյանը, ապա հարցաքննվելուց հետո նա ազատ էր արձակվել, իսկ նրա փոխարեն ձերբակալվել էր ավտոբուսի ուղևորը։ Արտյոմ Խաչատրյանից վրացի իրավապահները վերցրել էին նրա անձնագիրը, որպեսզի նա մնա Վրաստանում և որպես գործով անցնող կարևորագույն անձ հարկ եղած դեպքում հարցաքնվվի և վկայություններ տա։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ արդեն 16 օր է անմիջական կապ են պահպանում Արտյոմ Խաչատրյանի հետ։ Դեպքից երեք օր անց նրան հրավիրել են դեսպանություն, որտեղ նա հանդիպել է դեսպանին և ներկայացրել հարցը։ Նրան առաջարկվել է ֆինանսական օգնություն, որից նա հրաժարվել է։ Այնուհետև դեսպանությունը գրությամբ դիմել է Վրաստանի ԱԳՆ՝ դրան կցելով Վրաստանի դատախազություն ուղարկված բողոքը, որպեսզի ՀՀ քաղաքացու անձնագիրը հնարավորինս արագ ետ վերադարձվի։
Դեսպանության իրավաբանը ամենօրյա ռեժիմով կապ է պահպանում գործով զբաղվող քննիչի և դատախազի հետ։
Դեսպանությունից տեղեկացնում են, որ Արտյոմ Խաչատրյանը գործով անցնող կարևորագույն անձ է և վկա։ Եվ գործի շրջանակներում ամենօրյա ռեժիմով հարցաքննություններ են ընթանում, որպեսզի պարզվի, թե ով էր արգելված բեռն անցկացնողը։
Դեսպանությունը շարունակում է մշտական կապ պահպանել և Արտյոմ Խաչատրյանի, և Վրաստանի իրավապահ մարմինների հետ, որպեսզի օրենքով սահմանված կարգով, ամենասեղմ ժամկետում նրա անձնագիրը վերադարձվի։
Հարակից հրապարակումներ`
- Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի ձերբակալված վարորդն ազատ է արձակվել
- Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն արդեն տեղափոխվում են Հայաստան
- Հայաստան եկող ավտոբուսի ուղևորները դեռևս գտնվում են Վերին Լարսի անցակետում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ