«Պատիվ ունեմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնելու ժամկետը նվազեցվում է
«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է և սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետով՝ նախկինում սահմանված 3 տարի ժամկետի փոխարեն: Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու և 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամկետներն են:
Այսպիսով, որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունների իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ, որոնց համաձայն, նպատակային ուսումնառության համար տարկետման իրավունք է սահմանվել նաև միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողներին, ինչպես նաև փոփոխվել են ՊՆ պատվերով, ներառյալ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ուսումնառություն անցած անձանց հետ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերի կնքման ժամկետները:
Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվելու համար հիմք ընդունել սովորողի (դիմորդի) առաջադիմությունը: Սովորողի դեպքում միջին որակական գնահատականը (ՄՈԳ) պետք է կազմի տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը, իսկ դիմորդի դեպքում՝ տվյալ ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը, իսկ այն քաղաքացիների համար, որոնք օրենսդրության համաձայն բուհ են ընդունվում առանց ընդունելության քննությունների՝ ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը:
Պաշտպանության նախարարը նշեց, որ 2019-2020 թթ-ի ուսումնական տարվա շրջանակներում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող 479 քաղաքացի կօգտվի տարկետումից: «Մենք գնացել ենք այդ քայլին, քանի որ մեզ համար միջին մասնագիտական կրթությունն էլ է կարևոր, հետագայում կրթական մակարդակը մեր ենթասպայական կազմի կբարձրանա, բայց արդեն իսկ ունենք օրենքով սահմանված կարգով հրաժարվողներ և զորակոչվողներ՝ մոտավորապես 40 հոգի»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Նշվեց նաև, որ «Պատիվ ունեմ» ծրագրով պաշտպանության նախարարության պատվերը կազմում է 350 տեղ, որից 320-ը դասակի հրամանատարի պատրաստության ծրագրով, 30-ը՝ բժշկական մասնագիտություններով:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ նախագիծը հնարավորություն կտա ավելի շատ դիպլոմավոր մասնագետներ զորակոչել բանակ և, ըստ էության, կրթական մակարդակի աճ կապահովել:
Դավիթ Տոնոյանն էլ արձագանքեց. «Եթե ընթացքում չհիվանդանան, էդ տենդենցն էլ է լինում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ նշեց . «Մենք հիմա 0-ից մինչև 18 տարեկաններին անվճար բուժում ենք իրականացնում, հիմա նրանք այլևս չեն հիվանդանա, առողջություն մաղթենք բոլորին»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ