Ակցիայի մասնակիցների՝ ընծա բերած աղբից հրաժարվեցին
Երևան քաղաքում վատ աղբահանությունից դժգոհ մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտյան աղբի տոպրակներ թողեցին «Սանիթեք» ընկերության շենքի դիմաց։ Ապա նրանք մոտեցան նախարարությունների շենքին՝ առողջապահության նախարարությանն ահազանգելով մայրաքաղաքում համաճարակի օջախների առկայության մասին։
Նախարարության ներկայացուցիչն ասաց, լի աղբամանները համաճարակի օջախներ չեն դարձել, վարակիչ հիվանդությունների աճի մասին հայտարարելու համար հիմքեր չկան։
Ակցիայի մասնակից «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ-ի փոխնախագահը նախարարությանը մեղադրեց «հանցավոր» անգործության համար, քանի որ, ըստ նրա, տեսնելով աղբակույտերն ու դրանից առաջացող թունավոր գազերը, դրանց շուրջ հավաքված միջատներն ու թափառող կենդանիները, որոնք առաջացնում ու տարածում են վարակիչ հիվանդություններ, նախարարությունում որևէ բան չեն ձեռնարկում։
«Առողջապահության նախարարությունը հրաժարվեց փորձաքննության ենթարկել մեր՝ իրենց ընծա բերած աղբը»,-ասաց Սոնա Աղեկյանը, որ նախկինում Երևանի ավագանու անդամ էր։
Ակցիայի մասնակիցներն այստեղից գնացին դեպի քաղաքապետարանի շենք՝ քաղաքապետ Հայկ Մարությանին մի տոպրակ աղբ հանձնելու նպատակլով։ Սակայն Ոստիկանության կենտրոնական բաժնի ներկայացուցիչները՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ թույլ չտվեցին առաջ գնալ։
«Ոստիկանության ծառայողի օրինական պահանջ եմ ներկայացնում՝ աղբը դնել աղբամանի մեջ ու հեռանալ»,-ասաց ոստիկանության կենտրոնական բաժնի պետի տեղակալը։
Սոնա Աղեկյանն աղբը դրեց մայթին ու հեռացավ, ինչի համար նրան բերման ենթարկեցին ոստիկանություն։ Աղեկյանը ոստիկանության գործողություններն անօրինական որակեց, որոշ ժամանակ անց նրանց բաց թողեցին։
«Ոստիկանության ապօրինի գործողությունները գալիս են հուշելու մեզ, որ այժմ ունենք դիկտատորական ռեժիմ։ Մեր գործողություններում որևէ բռնարարք չի եղել, մենք փորձում ենք օգնել իշխանություններին՝ նկատել թերությունները, հիշել խոստումները և օգտագործել Երևան քաղաքի հզոր բյուջեն կատարել խոստումները, կոչ ենք անում պարգևավճարներ չտալ այն մարդկանց, ովքեր առանց այդ էլ ստանում են աշխատավարձ բյուջեից չաշխատելու համար»,-ասաց Աղեկյանը։
Իսկ քաղաքում աղբն իսկապես շատ է։ Վերջին երկու օրերին դրանք տարբեր հատվածներում լուսանկարել է Panorama.am-ի լուսանկարիչը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանում աղբը չհանդուրժեցին, իսկ բնակիչներին հորդորում են ըմբռնումով մոտենալ
- Քաղաքացիները աղբը հանձնում են Երևանի քաղաքապետարանին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին