ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի ձեռքբերված դեղեր, այդ թվում՝ նախատեսված քաղցկեղի բուժման համար
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված գործառույթների շրջանակում բացահայտել է անօրինական գործունեության հերթական դեպքը:
Մասնավորապես՝ վարչության աշխատակիցներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում գործող դեղատներից մեկի նկուղային հարկից հայտնաբերել են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ նախատեսված քաղցկեղի բուժման համար:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործի հետաքննության ընթացքում դեղատան տարածքում կատարվել է զննություն, որի ընթացքում դեղերը վերցվել են հետագա հետազոտման նպատակով: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությանը մասնակից անձանց, ինչպես նաև հիշյալ դեղերի ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Բացահայտվել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք
- Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 43 կգ դեղորայք
- Թուրքիայից Հայաստան գաղտնի 3,5 կգ դեղորայք են փորձել անցկացնել
- ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ներմուծված դեղորայք՝ թուրքերեն մակնշմամբ