Արաբագետ. С-400 ԶՀՀ-երի խնդրի հետ կապված ամերիկա-թուրքական հակասությունները մտնում են պայմանական երրորդ փուլ
Ռուսական С-400 ԶՀՀ-երի խնդրի հետ կապված ամերիկա-թուրքական հակասությունները և դրանց հաղթահարման փորձերը մտնում են պայմանական երրորդ՝ թերևս վերջին փուլ, որը մոտավորապես կարող է տևել մինչև 2020թ․ ապրիլ, երբ ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավաստմամբ, համակարգերն ամբողջապես կգործարկվեն։ Այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, այս խնդրով պայմանավորված ամերիկա-թուրքական հարաբերությունների դինամիկան կարելի է բաժանել 3 պայմանական փուլերի։ Առաջինն ընդգրկում է 2017թ․ դեկտեմբերից մինչև 2019թ․ հունիս ընկած ժամանակահատվածը, երբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև նշված համակարգերի վաճառքի գործարքի վերաբերյալ տեղեկատվության տարածումից հետո ամերիկյան կողմն ամեն կերպ փորձում էր տապալել պայմանավորվածությունների կայացումը։
Երկրորդ և ամենաակտիվ փուլը, թերևս, ամենակարճատևն էր՝ 2019թ․ հունիսի 25-ից, մինչև հուլիսի 12-ը՝ այսինքն Էրդողանի կողմից գործարքից չհրաժարվելու մասին վերջնական պնդումից, մինչև համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարման մեկնարկը։ Իսկ ահա հուլիսի վերջից՝ երրորդ փուլում Վաշինգտոնը փորձելու է ամեն կերպ խոչընդոտել Թուրքիայի տարածքում С-400-ների գործարկմանը։ Թե ինչպիսի դինամիկա և արդյունավետություն կունենա գործընթացը, ցույց կտա ժամանակը։
«Բայց այնպես, ակնհայտ է այն իրողությունը, որ նշված խնդիրը, ինչպես անցած 1,5 տարիների ընթացքում, դեռևս շարունակելու է սիրիական հակամարտության շրջանակում 2 գործընկեր պետությունների հակոտնյա շահերի, ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների և մի շարք այլ՝ ոչ պակաս կարևոր հարցերի շարքում կազմել ամերիկա-թուրքական հարաբերությունների օրակարգի առանցքային բաղադրիչը»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ